ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՓՈՂԻ ՀՈՍՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց ՀՀ պետական բյուջեից ԱԱԾ-ին 79 մլն 392 հազար դրամ հատկացնել` Սեւանի թերակղզում նախագահական ամառանոցի տարածքում զորանոց կառուցելու համար: Ներկայացված տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ մինչ այժմ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն ամառանոցում զորանոց չունի, եւ ծառայությունն օպերատիվ, արդյունավետ կազմակերպելու համար դրա կառուցման հրատապ անհրաժեշտություն է առաջացել:
Թվում է, որ արտառոց որեւէ բան չկա: Բայց ուշագրավն այն է, որ ամեն տարի կառավարությունը հսկայական գումարներ է հատկացրել նույն Սեւանի ամառանոցի վերանորոգման համար: Նման որոշում է կայացվել դեռ 2010թ.: Իսկ այս տարի հատկացվածը շատ ավելի մեծ էր. կառավարության` 2011թ. հուլիսի 7-ի N 918-Ն որոշման համաձայն` Սեւանա թերակղզու ամառանոցի հիմնանորոգման աշխատանքների համար բյուջեից տրվել է 140 մլն դրամ: Ընդ որում, այնտեղ հիմնանորոգում իրականացվել է բառիս բուն իմաստով. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հնի փոխարեն բոլորովին նոր ամառանոց է կառուցվել, ասֆալտապատվել է ճանապարհը, նույնիսկ ծառեր են տնկել, ծաղիկներ աճեցրել: Մի խոսքով, արել են ամեն ինչ` ամառանոցը պատկառելի տեսքի բերելու եւ այնտեղ հանգստի համար դրախտային պայմաններ ստեղծելու նպատակով:
Բայց հիմնանորոգման աշխատանքները կատարելուց հետո՝ տարեվերջին, պարզվել է, որ Սեւանի թերակղզում գտնվող ամառանոցի համար անհրաժեշտ է նաեւ զորանոց: Ու սա այն դեպքում, երբ վերանորոգման աշխատանքներ այնտեղ իրականացվել են պարբերաբար (գոնե գումարները դուրս են գրվել), բայց որեւէ մեկը չի նկատել զորանոցի բացակայությունը: Սա, իհարկե, մի փոքր անհավատալի է հնչում, որովհետեւ այս ամառանոցը եւս համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, ուստի զորանոց պետք է որ այնտեղ լիներ վաղուցվանից: Իսկ եթե, այնուամենայնիվ, իրականությանը մոտ են պնդումները, որ պետք է զորանոց կառուցել, անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու այն վաղօրոք չի նախագծվել, ինչու են հիմա դրա մասին հիշել ու պետական բյուջեից էլ ավելի քան 79 մլն 300 հազար դրամ հատկացրել կառուցման համար: Իրավիճակը նույնն է, ինչ մարդը որոշի տուն կառուցել եւ դրա ավարտից հետո պարզի` մոռացել է կառուցել, օրինակ, խոհանոցը կամ լոգարանը: Սա նշանակում է, որ իշխանական բուրգում` անգամ նախագահի նստավայրում, «շունը տիրոջը չի ճանաչում», եւ բարձիթողի վիճակն ուղղակի դարձել է կենսակերպ:
Բայց այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է: Թեեւ պետական բյուջեից 140 մլն դրամ է տրամադրվել այդ ամառանոցի համար, սակայն իրականում հիմնանորոգման աշխատանքների վրա ծախսված գումարը գերազանցել է բյուջեից կատարված հատկացումները: Համառորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն` այդ ողջ կապիտալ շինարարությունն իրականացվել է Ս.Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր` Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամվելի ֆինանսական միջոցներով: Սակայն Կարեն Կարապետյանի` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալուց հետո նրա եղբայրն այլեւս չի ֆինանսավորում նմանատիպ ծրագրերը, զորանոցում աշխատանքները կիսատ են մնացել: Դրա համար էլ կառավարությունը ստիպված է եղել զորանոց կառուցելու համար կամ այնտեղ կիսատ մնացած խնդիրները վերականգնելու նպատակով գումար դուրս գրել: Այլապես դժվար է պատկերացնել, որ մշտապես նախագահի հանգստավայրը հանդիսացած այս ամառանոցը, որն օրենքով սահմանված կարգով մշտապես պահպանվել է ԱԱԾ ՊՊԾ կողմից, հիմա նո՞ր պետք է ունենա զորանոց:
Այս ողջ հակասությունների շղթան հասկանալու համար դիմեցինք ԱԱԾ ՊՊԾ վարչության ղեկավար Հրաչյա Հարությունյանին` Կրակեմ Հրաչին, նախ պարզելու, թե ինչու է հիմա անհրաժեշտություն առաջացել զորանոց կառուցելու: Վերջինս, սակայն, խորհուրդ տվեց դիմել նախագահի մամուլի խոսնակին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե «Դո՞ւք եք պատասխանատու այդ զորանոցի համար», Հարությունյանն ասաց. «Եթե դիմել ենք, ուրեմն այո՛: Բայց դիմե՛ք նախագահական»: Ս.Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց դիմել ԱԱԾ: Իսկ ԱԱԾ մամուլի վարչությունից էլ որեւէ պատասխան չստացվեց, այլ այնտեղից ասացին, որ հարցի հասցեատերն իրենք չեն:
Հասկանալի է, որ ասելիք չկա, եւ այսքանից հետո իրավիճակը մնում է բնութագրել որպես քաոսային անտերություն:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի այլ աղբյուրներ փոխանցեցին, որ Սեւանի թերակղզում՝ նախագահական ամառանոցի տարածքում, զորանոցը եղել է եւ նախկինում, այսօր էլ վերանորոգված է, պարզապես գումար է դուրս գրվել դրա անվան տակ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս