ՎԱՐԱԿ ԱՐՄԱՎԻՐՈ՞ՒՄ
Արմավիրի մարզի Արտենի գյուղում խոշոր եղջերավոր անասունները համատարած վիժում են: Վարակը գյուղացիներն արդեն իսկ համարում են համաճարակ: Կովերի հղիությունը յոթ ամսվա չի հասնում, շատ են նաեւ սատկելու դեպքերը: Սատկում են նաեւ ծնվելու ժամկետից առաջ լույս աշխարհ եկած հորթուկները:
Գյուղացիներից մեկը հիվանդության ախտանիշերով կենդանուն մորթել է ու տեսել, որ միսը դեղին է: Համայնքի անասնաբույժ Ռազմիկ Օզմանյանն արյան փորձանմուշներ է վերցրել կովերից եւ ցուլերից. սպասում են լաբորատոր փորձաքննության պատասխանին:
ՍՆՆԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
«Արմֆուդ» ձեռնարկության տնօրեն Բորիս Սողոմոնյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի` «Արմֆուդ»-ում «հայտնաբերած» խախտումներին:
Սննդի որակի խախտման այլ դեպքեր բացահայտել չկարողանալով` Աբրամ Բախչագուլյանը նոյեմբերի սկզբին ըստ երեւույթին շինծու գործ է բացել եւ լրատվամիջոցներով վարկաբեկել Հրազդանում գտնվող «Արմֆուդ» փոքր ձեռնարկությանը: Իսկ մինչ այդ Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հայտարարությունում նշված է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «Արմֆուդ» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ եւ ստաֆիլակոկի բակտերիաներ… Արտադրամասը չի համապատասխանել սանիտարական կանոններին, ինչի պատճառով էլ չի պահպանվել արտադրական հոսքայնությունը… Հիմք ընդունելով տեսուչների եզրակացությունը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից 2011թ. նոյեմբերի 9-ին որոշում է կայացվել «Էյ-Էս-Բի-սոֆտ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունն արգելելու մասին»: Ըստ ամենայնի, այս հակամարտությունը նոր զարգացումներ կունենա:
ԳՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉԳՆԱԼ
Երեկ լուրեր էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տուն-ինտերնատի ղեկավար ՀՀԿ-ական Սամվել Խաչատրյանին աշխատանքից հեռացրել են, քանի որ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները կրկին չարաշահումներ են հայտնաբերել այնտեղ: Ավելին, նշվեց նաեւ, որ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն այլ թեկնածու է պատրաստվում առաջադրել այդ պաշտոնում: ՀՀԿ Վարդենիսի կառույցի նախկին ղեկավար Սամվել Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց իր պաշտոնանկության լուրը, իսկ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ինձ թերթերից հարցրել են, ասել եմ, որ լսել եմ, հավաստի չեմ իմանում` ինչ ա եղել, ես լսել եմ, որ ուզում են հանեն»:
ԲԱՆ ԳԻՏԻ՞
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ ԲՀԿ առաջնորդի եւ իր անունից հանդես է եկել հայտարարությամբ` խորհուրդ տալով արդար ընտրություններ անցկացնելու խոստումներ տված ՀՀԿ-ին` աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել. «Ես չեմ հասկանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես ինքը որակեց՝ ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն ինչու է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներում»: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի թիկնապահների` մարտի 1-ին մասնակցություն ունենալու մասին մամուլի հրապարակումներին, Զոհրաբյանը դա որակել է իբրեւ անբարոյականություն. «Ես նման շահարկողներին եւ նրանց պատվիրատուներին ուղղակի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման անբարոյական քայլերից եւ չխաղալ կրակի հետ։ Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե՛ ինքը եւ թե՛ իր կուսակիցները կարեւորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը»։ Նկատենք, որ արդեն քանի տարի է` ԲՀԿ-ից տարբեր առիթներով իրենց քաղաքական հակառակորդներին զգուշացնում են` կրակի հետ չխաղալ, սակայն, ինչպես ժամանակը ցույց է տալիս, այդ կրակն այդպես էլ երբեք չի այրում: Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ապա գուցե այդ գործով ԱԺ հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանն ինչ-որ բա՞ն գիտի: