Այսօր ԿԸՀ-ն քննեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված բողոքը: Այն ներկայացվել է 2014-ի ապրիլի 8-ին և բովանդակային առումով վերաբերում է այս տարվա մարտի 9-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին:
Բողոքում նշվում է, որ վարչական մարմինները փոխանակ դիտորդներին լսելու, նրանց ապացույցները հաշվի առնելու՝ առաջնորդվել են հիպոթետիկ որոշումներով, չեն նշել որոշման ընդունման հիմքերը, ինչը վարչական մարմինը պարտավոր է անել:
Հիմնվելով այս փաստերի վրա ՝ ԿԸՀ դիմում-բողոքում պահանջվում է անվավեր ճանաչել մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) մի շարք որոշումներ:
Հաջորդ պահանջը մի շարք ԸԸՀ-երին վարչական վարույթներին բոլոր դիմումատուներին մասնակից դարձնելու պահանջն էր:
Դիմող կողմի պահանջն այն էր, որպեսզի վարչական վարույթներին դիտորդական առաքելություն իրականացնող անձի մասնակցությունն ապահովված լինի և վերջինիս գրանցած տվյալները օգտագործվեն վարչական վարույթում:
Ի պատասխան Տիգրան Մուկուչյանը վկայակոչեց ԵԽ համապատասխան փաստաթղթի դրույթներից այն, որ դիտորդները չեն մասնակցում ընտրական վարչարարությանը և նրանց հիմնական դերը դիտարկելն է:
Փաստաբան Եգորյանը հակադարձեց, որ ՄԻԵԴ-ը բազմաթիվ վճիռներ ունի դիտորդների դիրքորոշման` վարույթում հաշվի առնելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ և միջազգային օրենսդրական երաշխիքներ` ԿԸՀ-ն մերժեց ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի և մի շարք քաղաքացիների (ներկայացուցիչ Տիգրան Եգորյան) վարչական վարույթի հարուցման պահանջը: