Armenian text to speach

«Սա միայն իրավական հաղթանակ չէ»․ դատարանը մերժել է «Գոյ» թատրոնին իրավահաջորդ ճանաչելու փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը նորություններով է կիսվել։

Արզումանյանը հայտարարել է, որ «Գոյ» թատրոնն իր ինքնությունը պահպանեց, քանի որ դատարանը հետ է վերադարձրել իրավահաջորդ ճանաչելու փորձը։

«Վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, իսկ նույն որոշմամբ սահմանել է, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Սա նշանակում է՝ Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում, և սա հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին։ Սունդուկյան թատրոնը փորձեց ճանաչվել ԳՈՅ-ի իրավահաջորդը՝ այսինքն՝ մեզ փոխարինել։ Բայց դատարանն ասաց՝ ՈՉ»,- հայտարարել է Արզումանյանը։

Սարգիս Արզումանյանի խոսքով՝ սա հստակ ասված «ոչ» է պետական այն մեխանիզմներին, որոնք փորձում են մշակույթը դարձնել փոխարինելի, վերացվող, առանց հիշողության։

«Սա դատարանի ուղիղ արձագանքն է այն մտայնությանը, թե՝ «մենք ենք ստեղծել, մենք էլ փակել ենք»։ Սա հաղթանակ է ոչ միայն «ԳՈՅ» թատրոնի, այլ նաև ողջ մշակութային համայնքի համար։ Ոչ մի կառուցվածք, ոչ մի շենք, ոչ մի բյուջե չի կարող լինել ստեղծված, ապրած, պայքարած արվեստի իրավահաջորդը։ ԳՈՅ-ը ո՛չ փոխանցվում է, ո՛չ էլ ժառանգվում։ ԳՈՅ-ը կա, որովհետև ՄԵՆՔ ենք։ Սա ոչ միայն իրավական հաղթանակ է։ Սա փաստարկ է մեր գոյության, մեր անցած ճանապարհի, մեր մաքառումների ու մերժումների մեջ ապրած արժանապատվության համար։

Սա որոշում է, որ ասում է՝ «Ձեր ստեղծածը ուրիշ ոչ ոք չի կարող իրեն վերագրել։ Ոչ հիմա։ Ոչ երբեք»։

Այս որոշումը փաստում է՝ ԳՈՅ թատրոնը իրավաբանական անձ է, ոչ թե բեմ, շենք կամ հաստիքների քանակ, նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի։

Սա նախադեպային որոշում է, որովհետև այն պաշտպանում է՝ ստեղծագործական ինքնությունը, մշակութային ժառանգության անխզելի շարունակականությունը, քաղաքացիական համառ պայքարի արժեքը։

Այո՛։ Սա ընդամենը մի միջնորդության վերադարձ է։

Բայց սա մի մեծ «ՈՉ» է այն պետական համակարգին, որն ուզում է մշակույթը տեսնել որպես լծակ՝ վերահսկման, լռեցման կամ հաշվեհարդարի։

Մենք՝ ոչ միայն «ԳՈՅ» թատրոնի անունն ենք պաշտպանում, այլև պաշտպանում ենք գաղափարը, որ ոչ մի թատրոն չպետք է դառնա «փակվող» կամ «փոխարինվող» ոմանց կամայական կամքի»,- հավելել է Արզումանյանը։

Նաև նշենք, որ ռեժիսորը նշել է այն մասին, որ պայքարն ավարտված չէ և դեռևս առջևում է գործի բովանդակային քննությունը։

Հավելենք, որ «Գոյ» թատրոնը շարունակելու է իր սկսած պայքարը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս