Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 1-ին 9-11 ծառայություն զանգահարած 44-օրյա պատերազմի մասնակից քաղաքացին հայտնել է, որ Սիլիկյան թաղամասի Սպանդարյան կայարանի երկաթգծի մոտ թողել է զենք-զինամթերք: Մեկնած ոստիկանները պարկի մեջ հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ փամփուշտներով, ողորկափող կարճեցված խզակոթով մեկ հրացան, մեկ ատրճանակ՝ փամփուշտներով, «Ֆ-1» տիպի մեկ նռնակ, տարբեր տրամաչափի 50 փամփուշտ:

«Նույն օրը Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պապիկի արհեստանոցը կարգի բերելիս զենք-զինամթերք է հայտնաբերել, որը թողել է Դալմայի այգիների «Կանալի» եզրին: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են որսորդական մեկ հրացան, հինգ ատրճանակ, մեկ նռնակ և տարբեր տրամաչափի 87 փամփուշտ:

Նույն օրը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմից հետը բերել է ինքնաձիգ և զինամթերք, որոնք թողել է Մառի փողոցում գտնվող քանդած շենքում:

Մեկնել են Նոր Նորքի համայնքային ոստիկանները: Հայտնաբերվել են ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և ինքնաձիգի պահեստամասեր:

1-02 զանգած մեկ այլ քաղաքացի ևս ներկայացել է պատերազմի մասնակից, հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում` աղբամանների մոտ զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ահազանգի հետքերով մեկնելով, հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ` փամփշտատուփով և 82 փամփուշտ:

Նմանատիպ հաջորդ զանգի հետքով մեկնել են Ավանի համայնքային ոստիկանները: «Ավանի հոգեկան առողջության կենտրոնի» մոտ գտնվող էլեկտրակայանի տակ նրանք հայտնաբերել են մեկ ինքնաձիգ, երկու փամշտատուփ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:

Օրվա վերջին նման հաղորդումը ժամը 20:40-ին էր: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նուբարաշենի 9-րդ փողոցում զենք-զինամթերք է թողնում:

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները հայտնաբերել են որսորդական հրացան և 20 փամփուշտ:

Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել նրանց օրինակին: Կրկին ու կրկին հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս