
ArmLur.am-ի խորհրդարանական աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովում քիչ հետո Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նիստ է հրավիրելու՝ քննարկելու վաղվանից մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցեր՝ այդ թվում և Անդրանիկ Քոչարյանի վարքի հարցով Էթիկայի հանձնաժողով ձևավորելու հարցը:
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ ՔՊ-ի ներսում կա երկփեղկվածություն, մի մասը պնդում է, որ ժամանակն է Անդրանիկ Քոչարյանի հարցով խիստ զբաղվել և նրան դուրս հանել իրենց շարքերից, մի մասն էլ կարծում է, որ պետք չէ զոհաբերել հերթական թիմակցին: Ինչ կորոշեն դռնփակ նիստի արդյունքում, կիմանանք օրվա վերջում: Բայց փաստ է, որ ՔՊ-ին դժվար որոշում է սպասվում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական երկու խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-ը դիմել են ԱԺ-ին՝ ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ժամանակ վիրավորել էր նրան՝ ասելով հեռու կանգնեք ինձանից, մաքրեք ձեր շրթունքները:
ԱԺ աշխատակազմի համապատասխան փորձագետի անունից աշխատակազմը ընդդիմադիր խմբակցություններին տվել է մասնագիտական եզրակացություն՝ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու համար, սակայն հարցի քննարկումը այս քառօրյա նիստերի ընթացքում տեղի չի ունենա, քանի որ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական՝ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցը չի քննարկվել:
Ամենայն հավանականությամբ Անդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկվի առաջիկա ամսվա ընթացքում Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, իսկ այնուհետև՝ նաև լիագումար նիստերի դահլիճում՝ հաջորդ քառօրյայի ընթացքում:
Նախագծի հիմնական զեկուցողը ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է: