«Ժողովուրդ» օրաթերթում տպագրված այն տեղեկությունը, որ Բենիկ Հարությունյանը Նունե Սերոբյանին պարտք է 205 հազար ԱՄՆ դոլար, հավասարակշռությունից հանել է սույն անձին, ու վերջինս հայցով դիմել է դատարան` ուրիշից վերցրած եւ չվերադարձրած գումարին մի քիչ էլ ավելացնելու հստակ մտադրությամբ… Փոխանակ իրենից դժգոհողներին «դատի տա», Նիկոլայեւիչը «Ժողովուրդ»-ից է փորձում գնել սեփական արժանապատվությունը:
Եւ այսպես, ո՞վ է Բենիկ Հարությունյանը` այդ «խեղճ ղարաբաղցին»: Նա ծնվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, 1970-ին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը: 1972-ին էլ, հայրենի Ղարաբաղ վերադառնալու փոխարեն, աշխատանքի է անցել Արագածի շրջանում` որպես շրջանի գլխավոր բժշկի բուժական հարցերով տեղակալ եւ վիրաբույժ: 1974-ին Վարդենիսում նշանակվել է շրջանի գլխավոր բժիշկ: Ի դեպ, օրդինատուրա չանցած այս մարդը կատարել է վիրաբույժի պարտականություններ` ավարտած լինելով ընդամենը բուժական ֆակուլտետը…
1977-79-ին սովորել է Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ֆրանսերենի ուսուցմամբ հատուկ կլինիկական օրդինատուրայում` ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, 1980-ին էլ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1980-1983 թվականներին աշխատել է Մալիում` Գաբրիել Տուրեի անվան հոսպիտալում: Ասում են, որ 3000-ից ավելի տարբեր բարդությունների վիրահատություններ է կատարել: Եթե վիրահատությունների քանակը բաժանենք երեք տարվա վրա, ստացվում է` մարդն օրական մոտ երեք վիրահատություն է կատարել` առանց հանգստյան օրերի: Դե, վերքը մշակելն ու սպեղանի դնելն էլ է վիրահատություն համարվում: Մալիի Հանրապետությունից վերադառնալուց հետո «լեգենդար» բժշկին առաջարկել են աշխատել ոչ թե մայրաքաղաքում, այլ ուղարկել են Չարենցավան, ապա` Հրազդան: 1990 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզը եւ աշխատանքի անցել ԵՊԲ վիրաբուժական հիվանդությունների N1 ամբիոնում:
Ինչեւէ, այստեղ նրա գլխավորությամբ կազմավորվել եւ զարգացել է ՀՀ զինված ուժերի բժշկական ծառայությունը, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը եւ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը: Իսկ թե իրենից ինչ է ներկայացնում հիշյալ ամբիոնը, ինչ նվաստացուցիչ աշխատավարձեր են ստանում այստեղ զինվորական դասախոսները, ինչ սալդաֆոնական օրենքներ են գործում, բոլորս գիտենք: Գիտենք, որ նաեւ հեռանում են այստեղից` անզոր լինելով դիմանալ հակամարդկային օրենքներին: Մոտ մեկ տարի առաջ այստեղից հեռացավ մայոր Կարեն Սարգսյանը` բժշկական գիտությունների թեկնածու, ով կարող էր շատ լավ մասնագետ հռչակվել: Սակայն նա մեկնեց Ռուսաստան` իր ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու…
2002թ. Բ.Ն.Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (ԿՖԲԳՀԻ) տնօրեն: Նա այստեղ բառացիորեն փոշիացրեց գիտական հիմնարկը, իր դեմ հանեց ինստիտուտի բազմավաստակ աշխատակիցների, գիտնականների: Այսօր այդ ինստիտուտն իրապես վերածվել է «կույր աղիքի», որը որեւէ գիտական հիմնավոր գործունեությամբ չի զբաղվում, սակայն մսխվում են պետբյուջեի միջոցները:
Այս մարդու կերպարն ամբողջացնելու համար հիշեցնենք ժամանակին հրապարակված տեղեկություններից մեկը: Ըստ այդմ, Բենիկ Նիկոլաեւիչը 1993թ.-ին բանակի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից ազատել տվեց Արցախյան ազատամարտում բուժօգնության ցուցաբերման հմուտ կազմակերպիչ, կադրային զինվորական, բուժծառայության գնդապետ Մ.Աղաբաբովին եւ զբաղեցրեց նրա տեղը: Այդ պաշտոնում քիչ մնաց. ընդամենը 2-2,5 տարի անց ՀՀ ՆԳՆ 6-րդ վարչության կողմից կատարված հետաքննության արդյունքում Բենիամին Հարությունյանին ազատեցին պաշտոնից` «հիվանդ զինծառայողներին» առողջության «վատացման» պատրվակով վաղաժամկետ զորացրման պատճառով: Պետք է նաեւ պատասխանատվության կանչեին, բայց հովանավորներ հայտնվեցին, եւ «մի կերպ պլստաց»: Այդ տարիներին ծառայությունից զորացրեցին նաեւ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, Բենիամին Հարությունյանի ուսանողական տարիների ընկեր Մկրտիչ Գրաբսկուն, ով սոսկ շեֆի գործիքն էր: Նրանք զորացրում էին «հիվանդ զինծառայողներին»:
Մի հետաքրքիր եւ շատ խոսուն շտրիխ` Բենիկ Հարությունյանը պատկանում է այն շատ փոքրաթիվ մարդկանց թվին, որոնք, լինելով բանակում, կարողացել են շատ կարճ ժամանակում ստանալ զինվորական կոչումներ: Պահեստազորի կապիտանը բանակ զորակոչվելուց հետո 1993-ին միանգամից ստացավ մայորի կոչում, իսկ մեկ տարի անց դարձավ փոխգնդապետ: Հարց. ո՞ր մարտական սխրանքների համար: Բայց սա դեռ քիչ է, 1996թ.-ից արդեն իսկ լինելով պահեստազորում` հանկարծ մեր ղարաբաղցի հայրենակիցը 2004թ.-ին դառնում է գնդապետ: Մյուս «մութ» հարցը. ինչպե՞ս է կատարվել Բենիամին Հարությունյանի զորացրումը ՀՀ զինված ուժերի շարքերից: Ծառայությունից ազատվելու մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում նրա մասին կան շատ հետաքրքիր ձեւակերպումներ: 1995թ.-ին իբր թե այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ զորացրում են, մի փոքր անց` արդեն 1996թ.-ի հունվարին, մեկ այլ հրամանով չեղյալ է հայտարարվում Բենիամին Հարությունյանի զորացրումը` նրան թողնելով Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, իսկ 1998թ.-ին իբր թե հաստիքների կրճատման պատճառով զորացրվում է: Եւ սա այն դեպքում, երբ ոչ մի հաստիք չէր էլ կրճատվել, եւ այդ ամբիոնն առայսօր կա եւ գործում է:
Պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք Բենիկ Հարությունյանը կաշառակերության համար հեռացվել է համակարգից, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:
Հ.Գ. Եւ այս մարդուն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որ ձգտում է բարեփոխումներ իրականացնել բանակում, տարել ու իրեն խորհրդական է կարգել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խորհուրդներ պետք է նախարարին տա մի մարդ, որի անունը մշտապես շոշափվում է մութ պատմությունների ու խարդավանքների շրջանակներում: Բայց որպեսզի հասկանալի լինի, թե որն է Բենիկ Հարությունյանի պերճանքը, տեղեկացնենք, որ նա բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի հետ: Թեման կմանրամասնենք առաջիկայում:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ