Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ ծրագրում է այցելել Ռուսաստան։ Այս մասին այսօր առավոտյան իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Ասելով, որ Արաղչիի այցը Մոսկվա նախկինում էլ ծրագրված էր, Բաղային հավելել է, որ արտգործնախարարը կխորհրդակցի նաև ռուսների հետ Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ։
«Արաղչին այս շաբաթվա վերջին նախապես ծրագրված այց կկատարի Մոսկվա և կօգտվի այս առիթից՝ քննարկելու բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները»,- ասել է նա։
Իրանական և ամերիկյան պատվիրակությունները շաբաթ օրը Օմանում անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, որին միջնորդի դերում հանդես է եկել Օմանի արտգործնախարարը։
Շաբաթ օրը Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխանակումները եղել են անուղղակի և միջնորդավորված Օմանի կողմից, ինչպես ցանկանում էր Իրանը, այլ ոչ թե դեմ առ դեմ, ինչպես պահանջել էր Թրամփը: Յուրաքանչյուր պատվիրակություն ուներ իր առանձին սենյակը, իսկ հաղորդագրություններ փոխանակվեցին Օմանի արտաքին գործերի նախարարի միջոցով:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ իր պատվիրակությունը կարճատև հանդիպում է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ հետ՝ Վիտկովի գլխավորությամբ՝ բանակցություններից դուրս գալուց հետո։
Արաղչին հայտնել է, որ բանակցություններն անցել են «արդյունավետ, հանգիստ և դրական մթնոլորտում»:
«Երկու կողմերն էլ պայմանավորվել են շարունակել բանակցությունները… հավանաբար հաջորդ շաբաթ օրը»,- հավելել է Արաղչին։
Անի Վարդանյան






























