ՀԱՐՈՒՍՏԻ ԲՈՂՈՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն ու նույն հոլդինգի աշխատակիցները Չարենցի փողոցում տեղեկայված «Յունիբանկ» ՓԲ ընկերության տարածքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:
«Հին Էրիվան»-ի աշխատակիցների ձեռքներին կարելի էր հանդիպել ««Յունիբա՛նկ», վերջ ձեր զավթողական քաղաքականությանը», «Պահանջում ենք  Վարդան Աթայանի  հրաժարականը», ««Յունիբա՛նկ», հե՛տ քաշեք ձեր կեղտոտ ձեռքերը «Հին Էրիվան» հոլդինգից»,  ««Յունիբանկ»-ը բիզնեսը ֆինանսավորում է ոչ թե այն զարգացնելու համար, այլ տվյալ բիզնեսը խլելու համար» մակագրությամբ պաստառներ:
Ակցիայի մասնակիցները փորձեցին «Յունիբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Վ.Աթայանին գրավոր տեսքով ներկայացնել իրենց բողոքը, սակայն «Յունիբանկ»-ի աշխատակիցները  խոչընդոտեցին անգամ լրագրողների նկարահանմանը` նշելով, որ չունեն համապատասխան  իրավունք, ինչպես նաեւ արգելեցին լրագրողների մուտքը տվյալ տարածք` փաստելով, որ եթե նրանք բանկի հետ կապված ոչինչ չունեն, պետք է լքեն տարածքը եւ սպասեն, թե իրենց ինչ կպատասխանեն:
 «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  «Հին Էրիվան հոլդինգ»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը նշեց, որ շուրջ յոթ ամիս է,  ինչ «Հին Էրիվան հոլդինգ»-ի եւ «Յունիբանկ»-ի  միջեւ կան  տարաձայնություններ: Ըստ Տեր-Առաքելյանի` բանկն իր գործողություններով  փաստեց, որ իրականում իրենք ցանկանում են տիրանալ «Հին Էրիվան»-ի շենքին: «Իրենք անհիմն մեզ ճանաչել են ժամկետանց վարկառու  եւ մեզանից պահանջում են  ամբողջ գումարի` 1 միլիարդ 144 միլիոն դրամի մարում: Այլ կերպ ասած` իրենք ցանկանում են արտադատարանական կարգով բռնագանձել շենքը: Եւ վերջին իրենց գործողություններով իրենք դատական որոշման ներքո արգելանք են դրել «Հին Էրիվան հոլդինգ»-ի գործունեության վրա»,- տեղեկացրեց հոլդինգի սեփականատերը` հավելելով, որ «Յունիբանկ»-ը, ի դեմս  Վարդան Աթայանի, իրենց միտումնավոր տանում է դեպի սնանկություն,  որպեսզի զավթի  շենքը:  
«Ես ցանկանում եմ բոլորի մոտ փաստել, որ «Հին Էրիվան»-ը սնանկ չէ, եւ հայտարարում եմ, որ  պարտավորվում եմ մեկ ժամվա մեջ մարել այդ ամբողջ գումարը: Սակայն դա միայն այն դեպքում, երբ կկայանա դատական վճիռը,  եւ մեզ կճանաչեն բարեխիղճ վճարող, երբ հրապարակավ «Յունիբանկ»-ի  վարչության նախագահ Վ. Աթայանը ներողություն կխնդրի «Հին Էրիվան հոլդինգ»-ի ողջ աշխատակազմից, որ Ամանորի նախաշեմին մոտ հարյուր ընտանիքի  թողնում է անհաց ու անգործ: Միայն այդ դեպքում ես կմուծեմ ողջ գումարը»,-ասաց  Մ.Տեր-Առաքելյանը` ընդգծելով, որ  սա «մեսիջ» է այն կազմակերպություններին,  որոնք  յունիբանկամետ են  եւ օգնում են Վ.Աթայանին: Նա նաեւ ցանկացավ Վ.Աթայանին  հիշեցնել, որ Չապաեւի դարաշրջանը վաղուց է անցել եւ այն տեխնոլոգիաները, որով ինքն է աշխատում, վաղուց արդեն չեն գործում. ««Հին Էրիվան»-ը ձեր թիրախը չէ եւ չի դառնալու ձեր հերթական զոհը:  Մենք շարունակելու ենք  աշխատել, շատ լավ Նոր տարի ենք դիմավորելու:  Եւ Վ.Աթայանին իր ընտանիքի հետ հրավիրում ենք մեզ մոտ` Ամանորը նշելու»:   
Նշենք, որ «Հին Էրիվան»-ի աշխատակիցների  բողոքի ակցիան շարունակաբար լինելու է:

 ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս