Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Բաղդասարի Պարոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. թ. ապրիլի 10-ին, կյանքի 85-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր Սլավիկ Բաղդասարի Պարոնյանը:

Սլավիկ Պարոնյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1955 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը՝ յուրացնելով կերպարվեստի մեծ վարպետների` Մ. Սարյանի, Հ. Զարդարյանի, Գ. Գյուրջյանի, Ա. Սարգսյանի ուսանելի դասերը: Մասնագիտական կարիերայի կայացման նշանակալի շրջադարձը պայմանավորվել է 1957 թ. Մոսկվայում կայացած գեղանկարիչների 6-րդ համաշխարհային երիտասարդական փառատոնին նրա մասնակցությամբ:

Ս. Պարոնյանն անցել է 60-ամյա ստեղծագործական աշխատանքի արգասաբեր և ուսանելի ճանապարհ: Ստեղծել է մեծաքանակ և բարձրարվեստ գեղարվեստական գործեր` առավելապես բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, որոնք գեղարվեստական բարձր արժեքների կրող են` հայկական բնաշխարհին բնորոշ գույներով, եթերային, անաղարտ երանգներով, առինքնող ձգողական ուժով:

Բնությունը եղել է նրա ներշնչանքի, ոգորումի և թռիչքի աղբյուրը, գեղեցիկին և կատարյալին հասնելու ուղեցույցը: Վաստակաշատ բնանկարչի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում (Երևան, Ստեփանակերտ, Մոսկվա, Սպոկան, Վալենս, Նյու Ջերսի և այլն)՝ արժանանալով տասնյակ մրցանակների, դիպլոմների ու պատվոգրերի: Բազմիցս ձևավորել է Հայաստանի տաղավարը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում:

Ս. Պարոնյանը շուրջ կես դար զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ իր մասնագիտական փորձառությունն ու հարուստ գիտելիքները փոխանցելով տասնյակ ու տասնյակ ապագա նկարիչների: Ոչ միայն գեղանկարչական արժեքավոր աշխատանքների, այլև մարդկային բարձր որակների շնորհիվ մշտապես վայելել է գործընկերների և ուսանողության սերն ու հարգանքը:

Ս. Պարոնյանը 2010 թվականից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր: 1956 թ. ՀԽՍՀ, իսկ 1960 թ.՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր: 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: 2012 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչման: 2009 թ. կայացել է անհատական ցուցահանդեսը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

Անվանի նկարչի մահը ծանր կորուստ է հայ գեղարվեստի բնագավառի համար: Նրա հիշատակը մշտապես կուղեկցի գործընկերներին, բարեկամներին, արվեստասեր հասարակությանը, իր գործի բազում հետևորդներին:

Սլավիկ Բաղդասարի Պարոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` Հայաստանի նկարիչների միության շենքում /հասցե` Աբովյան 16/ ժամը  12:00-14:00-ն: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Կառավարական հանձնաժողով 

 




Լրահոս