ՇՈՒՆ ՍՊԱՆԵՄ` ԷԺԱՆՈՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի քաղաքապետարանը շարունակում է որսորդական հրացաններով թափառական շների սպանդը: Այս տարվա համայնքային բյուջեից տրամադրվել է 1 մլն դրամ, եւ սպանդն իրականացվում է համապատասխան թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից: Տարեկան երկու անգամ` գարնանը եւ աշնանը, կեսգիշերին հնչող կրակոցները սարսափեցնում են պատերազմ տեսած կապանցիներին: Այդ մասին հայտարարություն է տրվում տեղական լրատվամիջոցներով, որպեսզի մարդիկ անակնկալի չգան: Սատկած կենդանիներին վաղ առավոտյան հավաքում է կոմունալ ձեռնարկությունը եւ թաղում քաղաքային աղբավայրում: Սակայն պայքարի այս միջոցն անարդյունավետ է եւ դաժան, իսկ քաղաքակիրթ ձեւերի համար էլ համայնքը միջոցներ չունի: «Պատկերացրո՛ւ  չորրորդ դասարանի էրեխուս չեմ թողնում` մենակ դպրոցից տուն գա, ինչքան էլ մոտիկ ենք ապրում: Սաղ հայաթը շներ են, ցերեկով էլ ա վախենալու»,-ասում է Կապանի բնակիչ տիկին Նաիրան: Ի դեպ,  վերջերս Կապանի կենտրոնական թաղամասերից մեկում 4 շներ  ներխուժել են  բազմաբնակարան շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկը: Շները հասել են դռանը, եւ տանտիրուհուն թվացել է, թե դուռն են ծեծում: Բացելն ու «անկոչ» հյուրերի ներխուժելը մեկ է եղել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Քաղաքապետարանի պատասխանատուների խոսքով` շներն ավելի զգուշավոր են դարձել. եթե մեկ-երկու օր սպանդ է իրականացվում, ապա մյուս օրերին շները թաքնվում են եւ դուրս չեն գալիս:
Իրավիճակի համար իշխանությունները մեղադրում են նաեւ բնակիչներին: Բանն այն է, որ առանձնատներում բնակվողները շուն են պահում, եւ երբ դրանք ծնում են, ձագերին նետում են փողոց: Սրանք էլ դառնում են թափառական ու վտանգավոր կենդանիներ: Նկատենք, որ թափառող շների զգալի մասը հիվանդ է` մազաթափված ու վերքերով պատված: Այնուամենայնիվ, առայսօր մարզում շներից մարդկանց որեւէ հիվանդության փոխանցման դեպք չի գրանցվել:  

Ա. ԴԱՎԹՅԱՆ
Կապան




Լրահոս