Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման, ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ու հասարակական շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման ոլորտներում:
Կարևորելով էներգաարդյունավետությանը միտված համատեղ նախագծերը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ դրանք ոչ միայն ապահովում են հարմարավետ միջավայր, այլև համայնքին հնարավորություն են տալիս զգալի տնտեսումներ անել:
Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրեր նախաձեռնելու համար:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

























































































