Armenian text to speach

Տիգրան Ավինյանն այսօր կընդունի Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր կընդունի Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին, այս մասին օրերս կայացած ակցիայից հետո հայտնել էին Երևանի քաղաքապետարանից։

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները ապրիլի 14-ին վաղ առավոտից փակել էին Եղվարդի խճուղին, հանդիպում էին պահանջում քաղաքապետի կամ կառավարությունից որևէ ներկայացուցչի հետ:

Բնակիչներն ասում են՝ 2022-ին պետք է սեփականության վկայականները ստանային, բայց կառուցապատողն ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացավ ու իրենք մնացին առանց սեփականության վկայականների:

Նրանք կարծում են, որ սնանկության գործընթացը կեղծ է, կառուցապատողն այդպիսով ազատվում է պետությանն ունեցած միլիարդների հասնող պարտքերից, իրենց էլ թողնում է առանց սեփականության վկայականների:

Ժամեր անց ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- գրել է Կոստանյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս