Ապրիլի 16-ը անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողի՝ Չարլզ Սպենսեր Չապլինի ծննդյան օրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է Չարլի Չապլինի կյանքի մասին։
Համաշխարհային կինոյի իրական լեգենդը ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում և համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը։
Չապլինի ամենահայտնի կերպարը «Թափառաշրջիկն» էր՝ փոքրիկ բեղերով, սև գլխարկով և մեծ կոշիկներով։ Չնայած այն հանգամանքին, որ այդ կերպարով Չապլինն անդրադառնում էր սոցիալական բարդ, անարդար թեմաներին, աղքատությանը, հարկ է նշել, որ այդ ամենն անում էր արտակարգ հումորով։
Միգուցե այս ամենը նրա պատճառով է եղել, որ Չապլինի մանկությունն անցել է աղքատության մեջ։ Չապլինի լոնդոնյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ 14 տարեկան է եղել, մայրը տեղափոխվել է հոգեբուժարան։ Չապլինը դերեր է ստանձնել վաղ տարիքից՝ հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատելով բեմում՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցել է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ, որի միջոցով մեկնել է ԱՄՆ։ Չապլինը հետամուտ է եղել ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերն արել է Քիստոուն Ստուդիայի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Շուտով բարելավել է թափառաշրջիկի կերպարը և երկրպագուհիների մեծ բանակ հավաքել։ 1918 թվականին նրա ստեղծած թափառաշրջիկի կերպարն աշխարհում ամենահայտնի կերպարներից է եղել։ Ի դեպ, Չապլինը սովորել է չքավորների համար նախատեսված դպրոցում։
Չնայած, որ Չապլինի ֆիլմերը ծիծաղեցնում են, դրանք նաև մտածելու տեղիք են տալիս։ Չապլինի ֆիլմերից մեկը համարվում է նաև քաղաքական։ Այդ ֆիլմը «Մեծ դիկտատոր» ֆիլմն է, որը պարունակում է նացիզմի բացահայտ քննադատությամբ։ Չապլինն այնքան ազդեցիկ կերպար էր, որ որոշ երկրներից վտարել են նրան, քանի որ կասկածել են, որ Չապլինը տարածել է կոմունիստական գաղափարներ։
Չապլինն ինքն է գրել, խմբագրել, խաղացել և հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր, երգահան իր ֆիլմերից շատերի համար։ Ձգտել է կատարելության։ Ֆինանսական ինքնուրույնությունը նրան հնարավորություն է տվել տարիներ ծախսել պատկերի կատարելագործման և արտադրման վրա։
Չապլինի կյանքը զուտ 1 ֆիլմ չէ։ Նկարագրելով վերջինիս կյանքը՝ կարելի է ասել, որ այն մի ամբողջ կինոսերիալ է՝ լի հակասություններով, փայլով ու խավարով։
Ինչպես արդեն նշեցինք՝ Չապլինի մանկությունն անցել է չքավորության մեջ, սակայն իր փայլուն կարիեռայի, տաղանդի շնորհիվ նա եղել է հոլիվուդյան կինոյի ամենահայտնի ու ամենահարուստ դեմքերից մեկը։
Չապլինն ամուսնացել է շուրջ 3 անգամ և բոլոր կանայք փոքր են եղել Չապլինից։ 1918-ին Չապլինը հապճեպ ամուսնացավ 17-ամյա դերասանուհի Միլդրեդ Հարիսի հետ: Հաջորդ ամուսնությունը մեկ այլ դերասանուհի՝ 16-ամյա Լիտա Գրեյի հետ էր:
Իսկ 1943 թվականին՝ 54 տարեկանում, Չապլինն ամուսնացավ 18-ամյա Օնա Օ’Նիլի հետ։ Ի տարբերություն նախորդ երկու ամուսնությունների՝ այս մեկը տևեց մինչև Չապլինի կյանքի վերջ։ Զույգը միասին 8 երախա ունեցավ։
Չապլինը 11 երեխա ուներ։
Հետաքրքիր է Չապլինի կյանքը։ Մի անգամ նա մասնակցել է իր նմանակության մրցույթին և զբաղեցրել երրորդ տեղը։
40 տարի շարունակ ապրելով ԱՄՆ-ում՝ այդպես էլ չդարձավ քաղաքացի, ավելին՝ 1952 թվականից սկսած նրան արգելեցին գնալ Ամերիկա:
Չարլի Չապլինի աչքերը երկնագույն էին և գուցե հենց իր երկնագույն աչքերի շնորհիվ էլ Չարլին նվաճեց աշխարհը։
Աննա Սրապիոնյան

























