ՈՉ ՄԻ ՃՆՇՈՒՄ, ԱՆԳԱՄ ԱԿՆԱՐԿ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաժեշտի ներկայացումներից առաջ զրուցեցինք սիրված դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ, ով պատասխանեց «Սեռասարսափ»-ին վերաբերող որոշ հարցերի:
-Պարո՛ն Պետրոսյան, ինքս դիտել եմ Ձեր վերջին ներկայացումը եւ ասեմ, որ ավարտից հետո կային մարդիկ, որոնք դժգոհ հեռացան: Նույնիսկ կարծիքներ  հնչեցին, որ աղավաղել եք հայ կնոջ ու տղամարդու կերպարը: Շատերը կարծես չէին հասկացել ներկայացման իմաստը:
-Ստեղծագործողը բացատրություններ չի տալիս իր աշխատանքի համար, դա ճիշտ չէ: Սա արդարանալու կամ չարդարանալու խնդիր չէ: Արվեստը մարդու վրա ազդելու անուղղակի միջոց է: Թե ով ինչ է հասկացել կամ ինչպես են հասկացել` վիրավորական վերաբերմունք են նկատել, չեմ կարող ասել: Իմ ներկայացման մեջ այդպիսի բան գոյություն չունի: Իսկ երբ ասում եք շատերը, ես չեմ համաձայնի Ձեզ հետ ու կասեմ` ոչ թե շատերը, այլ հատուկենտ չարալեզու մարդիկ: Գիտեմ նաեւ, որ այդ գոհ ամբոխի մեջ կգտնվի մի կին կամ տղամարդ, որ կեսից դուրս կգա ու կասի. «Սա խայտառակություն էր»:
-Բայց հայ կնոջը Դուք այնտեղ ներկայացրել եք Բաղրամյան փողոցում կանգնող մեկի տեսքով:
-Երեւանի տարբեր փողոցներում էլ կանգնում են մարմնավաճառներ: Իսկ Դուք կարծում էիք` մեզ մոտ մարմնավաճառներ չկա՞ն: Յուրաքանչյուր հասարակության մեջ էլ պետք է լինեն գիտնականներ, գողեր, ավազակներ, ուսուցիչներ, բանվորներ, զինվորներ եւ անպայման մարմնավաճառներ: Էդպես է ամբողջ աշխարհում: Ամեն դեպքում, իմ ներկայացման մեջ մարմնավաճառների մասին ես խոսում եմ բարձր հարգանքով:
-Իսկ այն դրվագն ինչպե՞ս կմեկնաբանեք, երբ տղան նվաստացնում է իր մորը: Դա՞ է հայ տղամարդը:
-Այն մեծ տարիքով կինը հայ ժողովուրդն է, իսկ այդ նվաստացնող լկտի լակոտը մեր իշխանություններն են: Ամբողջ ներկայացման իմաստն իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերություններն են, որոնք ես ներկայացնում եմ սեռասարսափ բառով: Մեր իշխանությունները կարծես նման են մի փոքր լկստված տղայի, որն անբարո այլանդակի պես չարչարում է մի ծեր կնոջ: Մի՞թե կարելի է այդքան չսիրել, արհամարհել ու նվաստացնել ժողովրդին:
-Մի արտահայտություն էլ եմ լսել, որ սա Վարդան Պետրոսյանի ամենաթույլ ներկայացումն էր:
-Ես ամեն տարի բերում եմ այստեղ նոր ներկայացում, եւ ամեն մեկը մյուսին ինչ-որ բանով զիջում է եւ մյուսից առավել է: «Վերելք» ներկայացման ընթացքում էլ կային մարդիկ, որոնք առաջին 15-20 րոպեներից հետո դուրս էին գալիս դահլիճից` չդիմանալով հուժկու երգիծական սկզբին, մտածում էին` սա խեղաթյուրում է, խայտառակություն է, ծաղրուծանակի են ենթարկում մեր Ցեղասպանության զոհերին: Բայց իրականում հո էդպե՞ս չէր: Չեմ կարծում, որ այս ներկայացումն ինչ-որ բանով զիջում էր մյուսներին: Ես պատասխաններ կարողանում եմ տալ 1-2 տարի հետո:
-Ձեր բոլոր ներկայացումների մեջ ե՛ւ բացահայտ, ե՛ւ թաքնված կերպով իշխանություններին դեմ եք դուրս գալիս: Ընդդիմադի՞ր եք:
-Ես ասում եմ այն, ինչ ինձ թելադրում է իմ խիղճը: Եւ ստացվում է այնպես, որ իմ խոսքը կիսում է նաեւ ժողովուրդը: Թաքնված ոչինչ չկա, եւ բացահայտ ասում եմ: Եթե Դուք 80-ականներին նայեիք իմ ներկայացումները` շատ ուժեղ ու վտանգավոր քաղաքական հումորով, իսկ այն ժամանակ պապանձված էին բոլորը, կնկատեիք, որ իմ հիմիկվա ասածը փափուկ բամբակ է: Այնուամենայնիվ, ես չգիտեմ` ընդդիմադիր եմ, թե ինչ, բայց ես իմ խղճի խոսքն եմ ասում: Եւ ես դա ասում եմ բեմից թատերական արվեստի տեսքով:
-Արված սուր արտահայտություններից հետո չե՞ն հայտնվում քաղաքական գործիչներ, որոնք փորձեն ինչ-որ կերպ ճնշել Ձեզ:
-Մինչեւ այսօր ոչ մեկի կողմից ոչ մի անգամ ոչ մի ձեւով` նույնիսկ քաղցր ակնարկի տեսքով, որեւէ խնդիր չեմ ունեցել: Ա՛յ չեմ հասկանում, երբ ասում են` չեն թողնում ազատ խոսես, ասես, ինչ մտածում ես: Բացե՛ք ընդդիմադիր թերթերը, տեսե՛ք` ինչեր են գրում: Բա ո՞նց են իրենց թողնում: Երբեմն այդ թերթերը կարդում եմ, մազերս բիզ-բիզ են կանգնում, մեկ-մեկ էնպիսի բաներ են գրում, որ չի կարելի գրել: Անձնական անպատվություններ չեմ սիրում ու չեմ էլ գործածում, դրանք ինձ համար անթույլատրելի են:
-Իսկ երբ ասում են, որ Ձեր ներկայացումները կոմերցիոն բնույթի են, ինչպե՞ս եք արձագանքում:
-Զարմանալի բան եք ասում. Մոլիերի ներկայացումներն էլ են կոմերցիոն բնույթի: Ցավոք, այդ մարդիկ գիտեն միայն` պետական թատրոնի համակարգն ինչ է, նրանք սովետական թատրոնի ծնունդներ են ու չգիտեն, որ գոյություն ունի ուրիշ թատերական սկզբունք` կոմերցիոն թատրոն: Այսօր ամբողջ Արեւմտյան թատրոնը, եւ ոչ միայն, կոմերցիա է:  Ներող կլինեք, բայց նաեւ բժշկությունն է կոմերցիոն բնույթ կրում: Երբ արտասահմանից գալիս է ատամնաբույժը կամ ակնաբույժը ու մեր երիտասարդ կադրերին սովորեցնում, վերապատրաստում է, զուգահեռաբար նրանց սովորեցնում է նաեւ ակնաբուժության եւ ատամնաբուժության բիզնեսը: Մենք ապրում ենք այդ դարում: Կոմերցիոն բնույթի թատրոնն է թատերական արվեստը տանում առաջ: Իսկ ի՞նչ վատ բան կա, որ կոմերցիոն ներկայացումների մեջ զբաղված դերասանները ստանում են շատ ավելի բարձր աշխատավարձ, քան պետական թատրոններում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս