Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հին բարեկամներից է և չնայած մշակութային շատ ու շատ տարբերություններին` մինչև օրս էլ շարունակում են բարեկամություն անել։
Եթե հայերի նոր տարին նշվում է դեկտեմբերի 31-ին, ապա պետք է նշել, որ եզդի ժողովրդի նոր տարին նշվում է ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը, քանի որ այդ ժամանակ ամեն ինչ ծաղկում է և խորհրդանշում նոր կյանքի մեկնարկը։ Այն նաև կոչվում է Թավուսե Մալակ:
Այս տարի եզդիների նոր տարին նշվում է այսօր՝ ապրիլի 16-ին։
ArmLur.am-ը ներկայացնում է եզդիների նոր տարվա մասին։
Այսպիսով, եզդիների նոր տարվա ավետաբերը կարմիր կակաչներն են, որոնցով էլ զարդարում են իրենց տան դռները Չարշամա Սարսալեի կապակցությամբ։ Տոնն ազդարարում է Աստծո և յոթ հրեշտակների կողմից Երկիր մոլորակի ծնունդը-ստեղծումը։ Չարշամա Սըրսալե թարգմանաբար նշանակում է տարեսկզբի չորեքշաբթի։
Ըստ եզդիական ավանդության՝ մի քանի հազար տարի առաջ այս օրը Մալաք Թավուսը իջել է երկիր ու Աստծո պատգամները տվել եզդիներին, այդ իսկ պատճառով չորեքշաբթին եզդիների մոտ սուրբ օր է։ Չորեքշաբթի օրերն ընդհանրապես, ու հատկապես տոնի չորեքշաբթին եզդիները չպետք է աշխատեն։ Այդ օրը նրանք պետք է նվիրեն հոգևոր կյանքին։
Չարշամա Սորը գոյություն ուներ դեռ Հին Իրանում՝ «Չախար Շանբե Սուրի» անվանմամբ, որը պահլավերենից թարգմանվում է «Չորեքշաբթիի տոնը» կամ էլ «Տոն չորեքշաբթի օրը»։ Հին Իրանում օրացույցների փոփոխման հետ կապված տեղափոխվում էր նաև տոների ժամանակացույցը։ Սասանյանների ժամանակ Պարսկաստանում օգտագործվում էր երկու օրացույց` «յայրի»` 365 օր տևողությամբ, և «սարեդխա»` 365.24224 օր տևողությամբ։ Առաջինը նրանք անվանել են «օշմուրդիկ», որը նշանակում էր «հաշվարկի համար նախատեսված, պիտանի», իսկ երկրորդը` «վիխզակիկ», որը նշանակում էր «շարժական»։
Իսկ ի՞նչ են անում այս տոնի ժամանակ եզդիները։
Եզդիների հոգևոր առաջնորդը նախ բացում է եզդի ժողովրդի պահապան Մալակե Թաուսի Սուրբ սինջակը։ Տոնին նախորդող երեքշաբթի օրը տանտիրուհին 1 հատ մեծ գաթա է թխում, որը կոչվում է կլոճ, և ևս 7 հատ փոքր գաթա, ինչը համապատասխանում է 7 հրեշտակներին կամ շաբաթվա 7 օրերին։ Մեծ գաթայի մեջ մեկ սև ուլունք է դրվում, ում բաժին հասնի, նրան էլ կժպտա հաջողությունը։ Կլոճը դրվում է տան սրբատեղիում, որը եզդիները կոչում են ստեռ և թողնում են մինչև առավոտ։ Առավոտյան տան ավագը մի քանի սրբի անունով կտրում է գաթան և այն բաժանում ընտանիքի այն անդամներին, ովքեր, ըստ իրենց արդեն հասկանում են չարն ու բարին (սովորաբար 13-14 տարեկան և բարձր), իսկ ավելի փոքրերի համար բաժին է հատկացվում մնացած 7 գաթաներից։ Այնուհետև եզդիներն այցելում են գերեզմանոցներ և առաջինը ննջեցյալներին են շնորհավորում, այնուհետև շնորհավորում են ողջերի տոնը։
Ծիսակարգի մաս է կազմում նաև չորս գույնով հավկիթներ ներկելը՝ սպիտակ, դեղին, կանաչ և կարմիր, որը խորհրդանշում է աշխարհի արարումը։ Չորեքշաբթի օրն առավոտյան եզդի աղջիկները գնում են դաշտ, ծաղիկներ են բերում, զարդարում տան դռներն ու պատուհանները, ինչն էլ խորհրդանշում է գարնան գալուստը։ Տոնի օրը պետք է հաշտվեն միմյանց հետ գժտված եզդիները։ Նրանք այցելում են նաև վերջին ժամանակներում հարազատ մարդ կորցրած եզդիներին։
Տոնի ավանդական ուտեստներն են խաշլաման, սաջի խորովածը` գառի մսով, բրնձով ու չամիչով փլավը և ներկված ձվերը։
Հայտնի է, որ այս տոնը, կամ այլ անվանումով՝ Չարշամա Սորը Իրանում նշվում էր տարվա վերջին չորեքշաբթի օրը։ Վերջին երեքշաբթի օրվա երեկոյան մարդիկ հավաքվում էին և մինչև չորեքշաբթի առավոտ կրակ էին վառում, ցատկում դրանց վրայով։ Ծիսական արարողության մաս էր կազմում «Իմ դեղինը (հիվանդություն, գունատություն) քոնն է, իսկ քո կարմրությունը (կյանք, առողջություն)` իմը» բացականչությունը։ Այդ ծիսակատարությունը մինչ այժմ էլ պահպանվել է Իրանում, որը կատարվում է Նոռուզից առաջ՝ մարտ ամսին։
Աննա Սրապիոնյան





























