
«168 ժամ» թերթը գրում է. «Ընդհանուր առմամբ՝ պետք է ասեմ, որ բավական հիասթափվեցի, երբ ծանոթացա սահմանադրական բարեփոխումների մանրամասներին։ Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ նախագահ Սարգսյանը մեծ ներդրում արեց Հայաստանի քաղաքական պատմության մեջ»,– մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին և Սերժ Սարգսյանի վերջին հայտնի հայտարարությանը։ «Սա ժողովրդավարության իմաստով՝ կորսված հնարավորություն է։ Օրինակ՝ այս փոփոխություններով իշխանությունների տարանջատման և միմյանց հաշվետու լինելու իմաստով՝ բավարար աշխատանք չի արվել։
Անընդունելի է, որ նույնիսկ այս բարեփոխումներով դեռևս նախագահն է նշանակում մարզպետներին, նախագահն է նշանակում կառավարության անդամներին (իհարկե, բացառությամբ վարչապետի) և կրկին նախագահն է շարունակում նշանակել ոստիկանապետին, տարբեր կառույցների ղեկավարներին և նույնիսկ դատավորներին։ Սա իշխանության մարմինների միջև հավասարակշռությունը և կայունությունը պահելու առումով կորսված հնարավորություն է»։ Անդրադառնալով 45 էջանոց նախագծում որպես այլընտրանք ներկայացված մյուս տարբերակին, որ հնարավոր է անցում կառավարման խորհրդարանական համակարգին, Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, թե հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ լինելը՝ նման որոշումն ավելի վատ կարող է անդրադառնալ երկրի ժողովրդավարության վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։