«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է արդարադատության նախարար։
Այս հարցի կապակցությամբ Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կախված է նշանակումից: «Սա քաղաքական խորհրդակցությունների գործընթաց է, եւ այդ գործընթացում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն այս պահին ես հստակ ոչինչ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով կնշանակվի վարչապետ, որի դեպքում նոր հստակ կլինեն գործունեության ծրագրերն ու ուղղությունները: «Վարչապետը 20 օրվա ընթացքում կձեւավորի կառավարություն, որի բուն նպատակը թիմ ձեւավորելն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ պարզաբանելով, որ թիմ ասելով նկատի չունի մերձավորներին, այլ թիմ, որն ունի միասնական գաղափարներ:
Ըստ նրա՝ կառավարությունը ոչ թե նախարարների հանրագումար է՝ այս նախարարն իր ոլորտում, այն նախարարն՝ իր, այլ կառավարություն է կոչվում, որովհետեւ յուրաքանչյուր նախարար պատասխանատու է կառավարության գործունեության համար»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: