
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգին ու նշել, որ մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից:
«Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:
Այսինքն, գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։
Բայց միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին, այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն, կան բազմաթիվ հնարավորություններ»,-ասել է Միրզոյանը։