ՕԵԿ, հետո՝ ՀՀԿ, հիմա էլ` ԲՀԿ…. իսկ հետո՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշը) ԱԺ պատգամավոր է 2004 թվականից: Նրա պատգամավորական գոծունեությունը չի «փայլում» առաջարկություններով, հարցերով կամ ելույթներով: 2004 թվականից մինչ օրս նա հանդես չի եկել որևէ քայլով:

ԲՀԿ-ական պատգամավորն ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան է, սակայն ինչպես շատ պատգամավորներ, այնպես էլ նա, չի ծառայել բանակում: Համենայն դեպս, այդ են վկայում նրա պաշտոնական կենսագրական տվյալները: Բավական «խոսուն» են պատգամավորի աշխատանքային գործունեության մասին տվյալները:

Նա 1979-1981թթ. աշխատել է Երևանի «Թատերահուշանվեր» ֆաբրիկայում ձևող, այնուհետև՝ 1987-1990թթ. «Էրեբունի» գիտաարտադրական միավորումում` կադրերի տեսուչ, 1990-1991թթ.` «Գոռ-4» արտադրական կոոպերատիվի իրավախորհրդատու, 1991-1993թթ.` խուլերի թիվ 1 կոմբինատի տրիկոտաժի արտադրամասի վարիչ:

Կամաց-կամաց նրա աշխատանքային պաշտոնները բարձրացել են: Արդեն 1993-1995թթ. եղել է արդյունաբերության նախարարության առևտրական ներկայացուցիչ Իրանում, արտաքին տնտեսական կապերի գլխավոր մասնագետ, 1998-2003թթ.` «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ խորհրդի նախագահ:

Ներկային ԲՀԿ-ական պատգամավորը, շատերի նման քաղաքական դաշտ, իսկ ավելի կոնկրետ Ազգային ժողովում է «հայտնվել» ՕԵԿ-ի շնորհիվ: 2003-2007թթ. ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից:

Մինչև 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ և ՕԵ խմբակցության անդամ է եղել: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավարն է, իսկ 2003թ. հունիսից մինչև 2004թ. սեպտեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004թ. սեպտեմբերից` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է: Արդեն 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 11 ընտրատարածքից: Ներկայումս Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Իսկ 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 11 ընտրատարածքից:

Նշենք, որ Գրիգորի Մարգարյանը չորրորդ գումարման Ազգային ժողովում Հանրապետական խմբակացության անդամ էր, իսկ արդեն հինգերորդում ներկայացված էր ԲՀԿ-ի կողմից:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ չորրորդ գումարման ԱԺ-ի ժամանակ նա որպես պատգամավոր ներկայացնում էր ՀՀԿ-ն, իսկ որպես պատգամավորի թեկնածու` ԲՀԿ-ն: Սակայն պետք է նկատել, որ սա պատգամավորի քաղաքական կենսագրության մի հատվածն է միայն:

Ինչպես արդեն նշել էինք, նա երրորդ գումարման Ազգային ժողովում (2003-2007թթ.) եղել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, և ինչպես շատերը, խմբակցությունը լքել է իշխանությունների կողմից` Արթուր Բաղդասարյանին «հալածելու» շրջանում:

Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում Գրիգորի Մարգարյանի ընթացիկ ընտրարշավի կարգախոսն է եղել «Գործը շարունակելու պատրաստակամությամբ»: Միգուցե սա էլ նշանակում է, թե նա նպատակադրվել է իր քաղաքական կարիերայի ընթացքում հասցնել լինել նաև մյուս խմբակցություններում:

Նշենք, որ մեր գործարար պատգամավորը, ինչպես և շատերը, բազմիցս հայտարարել է, որ բիզնեսմեն չէ, բիզնեսներ չունի, քանի որ ԱԺ պատգամավորը բիզնեսներ ունենալ չի կարող: Նշենք, որ պատգամավորը մշտապես հայտարարում է, թե ինքը ԲՀԿ-ից է, սակայն մշտապես հանդես է գալիս որպես ՀՀԿ-ին սատարող գործիչ: Այս ամենի վառ ապացույցը Կառավարության ծրագրի կամ իշխանության կողմից ներկայացված շատ ծրագրերի քվեարկության ժամանակ նիստերի դահլիճից բացակայելն ու դեմ չքվեարկելն է: Սակայն պատգամավորը բոլոր դեպքերում «լավ» արդարացում է գտնում իր համար:

Օրինակ, թե կարևոր հանդիպում ուներ, իսկ մինչ վերադարձել էր` քվեարկությունն ավարտված էր եղել: Այս ամենն ապացուցում է, որ պատգամավորը ներկայացված է ԲՀԿ-ում, սակայն հոգով շարունակում է ՀՀԿ-ից մնալ: Թերևս ՀՀԿ-ի հետ կապերն ամուր է մնում ի շնորհիվ նաև խնամիական հարաբերությունների:

Նշենք, որ պատգամավորի դուստրը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր հարսն է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս