ՀԱՐՑ. Մի քանի օր առաջ ձեր թերթում կարդացի, որ մի աղջկա Սպառողների ասոցիացիան օգնել է, որ իր կոշիկը հետ վերցնեն խանութում: Ես էլ նման խնդիր ունեմ, գնել եմ թանկ վերարկու, եւ հետ չեն վերցնում: Ցանկանում եմ դիմել Սպառողների ասոցիացիային, հետաքրքիր է իմանալ` նման ծառայությունների համար ինչ-որ գումար պիտի վճարե՞մ, եթե ոչ, ապա ո՞րն է Սպառողների ասոցիացիայի օգուտը, որ անվճար օգնում է սպառողներին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեզ մոտ ոչինչ վճարովի չէ, բայց հնարավոր է, որ գործը հասնի դատարան, այդ դեպքում փաստաբանին միգուցե անհրաժեշտ լինի վճարել: Օգուտը` եթե նյութական օգուտի մասին է, ապա բոլոր հասարակական կազմակերպությունների՝ փող վաստակելու կամ ծախսերը հատուցելու միակ միջոցը մեկն է` շահել որեւէ գրանտ, եւ մենք այդպես էլ վարվում ենք, մենք աշխատում ենք բոլորի համար անվճար, եւ չենք փոշմանում, որովհետեւ զգում ենք, որ օգտակար գործ ենք անում: Մեր միության անդամներն ինձ միշտ էլ այդպիսի միտք առաջարկում են, որ նման տիպի ծառայությունները դարձնեմ վճարովի, բայց քանի որ ես գործ ունեմ նաեւ քիչ վճարունակ խավի հետ, ապա իմ խղճին դեմ է որեւէ գումար պահանջել: Թող քաղաքացին դիմի, մենք սիրով նրան կօգնենք:
նախագահ Արմեն Պողոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ կլիներ, իհարկե, որ նման կազմակերպությունների թիվը մեծ լիներ, ու դրանցում ընդգրկված անդամները գոնե հարյուրներով հաշվվեին: Մեր երկրում սպառողների իրավունքներն ամեն քայլափոխի են ոտնահարվում, ու մարդկանց տարրական իրավունքի վերականգնումն անգամ զարմանք է հարուցում: Մինչդեռ զարմանալի պետք է լիներ հակառակ իրողության արձանագրումը: