ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քաղաքաշինության նախարարությունը վերլուծություն կատարե՞լ է, որ եթե մեկ անգամ էլ Հայաստանի հարեւանությամբ հզոր երկրաշարժ գրանցվի, ինչպես Վանում, ապա այն մայրաքաղաք Երեւանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա: Եւ ընդհանրապես, ի՞նչ է ձեռնարկվում Երեւանի շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

Զվարթ Կիրակոսյան, 28 տարեկան, պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերլուծությունները կատարում են գիտահետազոտական մարմինները, քաղաքաշինության նախարարությունը վերլուծական կենտրոն չէ, սա գործադիր մարմին է: Նշված խնդրիը շատ բարդ է, քաղաքացին ինչպե՞ս է հասկանում, դա ինչպե՞ս հաշվարկվի: Օրինակ` Ճապոնիան պաշտպանված երկիր է, այնտեղ շատ խիստ պահանջներ են դրվում, ուշադրություն է դարձվում ամեն ինչին, բայց նորից երկրաշարժ է լինում, եւ վնասվածքներ էլ են լինում: Վերլուծությունը մեզ ոչինչ չի տալու, ավելի լավ է մենք լավ ապրենք, կարողանանք շենքերի վրա ավելի մեծ գումարներ ներդնել եւ սեյսմակայունությունն ավելացնենք: Ինչ վերաբերում է շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելուն, ապա նշեմ, որ կա նաեւ մեկ օրինակ. վերջերս քաղաքաշինության նախարարը, շենքերի սեյսմակայունության հետ կապված, հանդիպել էր պրոֆեսոր Միքայել Մելքոնյանին, որն էլ առաջարկել էր բոլոր շենքերի տանիքներին եւս մեկ հարկ կառուցել, որը պետք է լինի հակակշիռ երկրաշարժի ժամանակ: Պրոֆեսորը գիտափորձերով ապացուցել է, եւ արդեն Հայաստանում էլ մի քանի նման շենք կա, որ հարկ է ավելացվել: Սկզբունքը հետեւյալն է, օրինակ` Ճապոնիայում էլ է դա կիրառվում, այդ հարկի փոխարեն տեղադրում են ջրով լիքը բաք, եթե շենքը երկրաշարժի ժամանակ թեքվում է ձախ, ապա ջրի բաքը թեքվում է աջ, եւ շենքը հավասարակշռվում է: Այս դեպքում ջրի բաքի փոխարեն առաջարկվում է եւս մեկ հարկ, որ երբ շենքը կթեքվի ձախ կամ աջ, ինքն ավտոմատ կերպով կթեքվի մյուս կողմը, եւ արդյունքում ահագին բարձրացվում է սեյսմակայունությունը: Այսօր նոր շենքեր կառուցապատողներն իրենք են շահագրգռված, որ շենքերն ամուր լինեն, եւ ամուր են, սեյսմակայունության առումով այսօր հենց նորակառույց շենքերն են ամուր:       

ՀՀ քաղաքաշինության նախարարության
մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքաշինության նախարարությունը փաստում է, որ շենքերի սեյսմակայունությունն ապահովելու համար ներդրումներ են պետք: Բայց  արդյո՞ք այս ուղղությամբ որեւէ բան արվում է… Բացի այդ, եթե Ճապոնիան է մատնանշվում, ապա այդ երկիրն անհամեմատ պաշտպանված է երկրաշարժերից, ինչը չես ասի ՀՀ-ի մասին:




Լրահոս