ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրաժարվել ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի միջնորդի դերից, եթե առաջիկա օրերին հստակ նշաններ չլինեն, որ հնարավոր է համաձայնության հասնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն։
«Մենք չենք պատրաստվում այս ջանքերն ամիսներով շարունակել։ Ուստի մենք պետք է շատ արագ՝ խոսքը մի քանի օրվա մասին է, որոշենք՝ արդյոք հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում համաձայնության հասնել», – ասել է Ռուբիոն Փարիզում հանդիպումից հետո, հայտնել է Reuters-ը։
«Նախագահը շատ լուրջ է վերաբերվում այս հարցին։ Նա մեծ ժամանակ և էներգիա է ներդրել այս գործում… սա կարևոր է, բայց կան շատ այլ՝ ոչ պակաս կարևոր հարցեր, որոնք ևս ուշադրության կարիք ունեն»։
Ռուբիոյի այս նախազգուշացումը հնչեց այն ժամանակ, երբ նկատվում են որոշ դրական ազդակներ Ուկրաինայի հետ բանակցություններում։
Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը ԱՄՆ-ին մուտք կտա Ուկրաինայի հանքային ռեսուրսներին։ Փետրվարին նման համաձայնագիր կնքելու փորձը տապալվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Թրամփի և փոխնախագահ ՋեյԴի Վենսի հետ օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ տեղի ունեցած բախումից հետո։
Հիշեցնենք, որ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Ուկրաինայի պատերազմն ավարտել Սպիտակ տուն մտնելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո նա մեղմեց իր հայտարարությունները՝ նշելով, որ հնարավոր համաձայնությունը կարող է կայանալ ապրիլին կամ մայիսին։
Ռուբիոն հայտնել է, որ Փարիզյան բանակցություններից հետո խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ տեղեկացնելով նրան, որ քննարկումները կառուցողական են եղել և ներկայացրել է ԱՄՆ խաղաղության նախագծի որոշ դրույթներ։
Նա նաև նշել է, որ Փարիզյան բանակցությունների ժամանակ քննարկվել է ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, սակայն մանրամասներ չի հայտնել։
Նրա խոսքերով՝ անվտանգության երաշխիքների հարցը «հնարավոր է լուծել այնպես, որ բոլորի համար ընդունելի լինի», սակայն «կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք պետք է պարզել, արդյոք հնարավոր է դրանք լուծել կարճաժամկետ հեռանկարում»։
«Ոչ ոք չի ասում, թե սա կարելի է անել 12 ժամում։ Բայց մենք ցանկանում ենք տեսնել՝ կողմերի դիրքորոշումները որքանով են հեռու իրարից և արդյոք հնարավոր է այդ տարբերությունները նվազեցնել», – ասել է Ռուբիոն։
Անի Վարդանյան
























