Նիկոլ Փաշինյանի, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր` Նաիրի Սարգսյանի հետ 2017 թվականին վիճաբանած Արթուր Այվազյանը` «Մանախը», արդարացվել է դատարանում։ Ստացվում է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները քաղաքացի Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գլխին սարքել էին, բողոքել նրա դեմ, թե բռնություն է գործադրել իրենց նկատմամբ:
Իսկ հիմա՝ ամենասկզբից. Արթուր Այվազյանին՝ բոլորին հայտնի «Մանախին», մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի մարտի 31-ին` ժամը 22:40-ի սահմաններում, Անդրանիկի փող. 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի հանդեպ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել:
Այդ դեպքից հետո Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը): Այս գործով վկայի կարգավիճակով դատարան էր հրավիրվել արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում 2020 թվականին, դատարանի որոշումով, Արթուր Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Դատարանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով Արթուր Այվազյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` առանց պատժի նշանակման: Իսկ ահա ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակվել է պատիժ ազատազրկման ձեւով, 2 (երկու) տարի ժամկետով:
«Կիրառել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներն ու ամբաստանյալ Արթուր Աշոտի Այվազյանին ազատել սույն դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատժից»: Այս որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, ու արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Արթուր Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ եւ արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ` երեկոյան, իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանը խնդրել է իրեն վերաբերող հարցը հանել օրակարգից, չքննարկել խմբակցության ձեւաչափով եւ խոստացել է, որ առաջիկա օրերին ինքը կզրուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նոր կարող են խմբակցության գործընկերները իր հարցը դնել քննարկման։ Նշենք, որ խմբակցությունը, քննարկելուց հետո, պետք է քվեարկություն իրականացնի խմբակցության ներսում եւ քվեարկության արդյունքում որոշվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, թե դեմ։ Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր գործունեությունը խմբակցության թիկունքում. նա վարչապետի հետ զրույցը, ըստ ամենայնի, կվարի իրեն հարմար ուղղությամբ, ինչպես որ ամիսներ առաջ, երբ փորձ էր արվում խմբակցության կողմից բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու հարցը։ Անդրանիկ Քոչարյանը այդ օրերին Նիկոլ Փաշինյանին համոզել էր, որ պետք է իրեն վերաբերող նախագիծ չլինի, եւ ինքը մանդատից չհրաժարվի, քանի որ կա 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույց ներկայացնելու անհրաժեշտություն։ Սակայն այդ զեկույցի ժամկետները վաղուց լրացել են, եւ տվյալ հանձնաժողովը արդեն փաստացի գոյություն չունի։ Տեղեկացնենք նաեւ, որ ՔՊ խմբակցության երեկվա նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին համոզելու գործընթացում ասել է, որ պետք չէ ընդդիմության բերանը լեզու դնել, եւ ճիշտ չէ, որ ընդդիմության ներկայացրած առաջարկները խորհրդարանական մեծամասնությունը ընդունի եւ համաձայնություն տա:
ՔՊ-ն փորձելու է խոչընդոտել Վարդան Ղուկասյանի աշխատանքը որպես Գյումրու քաղաքապետ՝ տապալելով նրա որոշումները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չնայած որ արդեն որոշված է, որ ապրիլի 16-ին ավագանու ընդդիմադիր անդամները Գյումրու քաղաքապետ կընտրեն Վարդան Ղուկասյանին, բայց, կարծես թե, ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները, որոնք 14 մանդատ են ստացել Գյումրու համայնքապետի ընտրություններից հետո, փորձելու են ամեն բան անել, որպեսզի տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ: Ամեն ինչ արվելու է, որպեսզի ավագանին որեւէ որոշման համար քվորում չունենա, քաղաքի կառավարումը փաստացի տապալվի: 2-րդ սցենարի համաձայն՝ Վարդան Ղուկասյանը չի կարողանա ձայներ հավաքել եւ 2-րդ փուլով ընտրություններ կնշանակվեն: Բայց ՔՊ-ի այս պլանը դժվար թե իրագործվի: Նրանք պարզապես կվիժեցնեն Վարդան Ղուկասյանի նախաձեռնությունները, կհրահրեն նրան, որ մարդ ծեծի, կամ որդին դա անի, որպեսզի հանրությանն ասեն, թե տեսեք՝ նախկինների վերադարձը ինչ վատ է:
Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի վերջին գնումները մեկը մյուսից ուշագրավ են։ Համայնքապետարանը, համաձայն ՀՀ պետական գնումների կայքի, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար մարտի 21-ին 1 մլն 848 հազար դրամ արժողությամբ շերտավարագույրներ է ձեռք բերել։ Վարագույրների ընդհանուր քանակը եղել է 210-ը, իսկ մեկ հատի արժեքը կազմել է 8 հազար 800 դրամ։ Սրան զուգահեռ Արթիկի համայնքապետարանը, Արթիկ համայնքի կարիքների համար, ավելի էժան գին՝ 1 մլն 264 հազար դրամ է հատկացրել Պեմզաշեն բնակավայրի այգու խաղահրապարակի սարքավորումների ձեռքբերման համար։ Այս գումարով գնվել է 4 ճոճանակ, մեկ բասկետբոլի ցանց, խորանարդ՝ խաղահրապարակի սարքավորումներ։ «Հրաբուխ» ՍՊԸ-ն, որից գնել են մանկական խաղահրապարակի գույքը, փայտե նստարանների մատակարարման մրցույթին է նաեւ մասնակցել Եղվարդ համայնքում։ Իսկ շերտավարագույրներ մատակարարած ընկերությունը մասնակցել է նաեւ շերտավարագույրներ մատակարարելու այլ մրցույթների: Օրինակ՝ ընկերությունը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ գնման բաց մրցույթին մասնակցելու համար։



















































































