Armenian text to speach

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՓԱԹԵԹ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հետ՝ պարգեւատրված զենքերը պետությանը վերադարձնելու օրենքի նախագծի վերաբերյալ։ Քոչարյանը պնդել է, որ չի պատրաստվում զենքը որևէ մեկին հանձնել։

 

-Պարո՛ն Քոչարյան, Դուք եղել եք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ունե՞ք պարգեւատրված զենք։

-Այո, ունեմ։

-Քանի՞ հատ։

-Մեկ զենք։

-Պատրաստվո՞ւմ եք այդ զենքը հանձնել ՀՀ ոստիկանությանը։

-Բոլորս գիտենք, որ Կառավարությունը քննարկում է պարգեւատրված զենքերի կարգավորման վերաբերյալ նոր փաթեթ ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում, եւ այդ քննարկման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է գտնեն իրենց լուծումները օրենսդրական միջավայրում։ Մենք պատրաստվում ենք մի քանի նման քննարկումներ անել: Կան մարդիկ, որոնք զենքը  ստացել են որպես խրախուսանք, դա իրենց սեփականությունն է, այս հարցերը պետք է քննարկվեն։

-Այո, Դուք Ձեր վաստակի համար ստացել եք այդ զենքը։ Օրինակ՝ հենց Դուք պատրաստվո՞ւմ եք տալ Ձեր զենքը ոստիկանությանը։

-Եթե օրենքի պահանջ լինի, բնականաբար պետք է բոլորը ենթարկվեն օրենքի պահանջին։ Եթե պետք է ի պահ տանք ոստիկանությանը, կտանք ի պահ։ Կան մարդիկ, որոնք շատ զենքեր են ստացել, բայց կան մարդիկ, որոնք նաեւ զենքեր են ստացել եւ դրա բացատրությունը չկա, թե ինչի համար։ Եկեք թացը չորին չխառնենք։ Պետք է գտնենք լուծում։

-Պարո՛ն Քոչարյան, շատ մարդիկ կան, որոնք ասում են՝ չենք տալու, դա մեր վաստակած զենքն է։ Ի՞նչ եք անելու։

-Հիմա դեռ տալու-չտալու խնդիրը չէ։ Նախ պետք է հասկանանք՝ տալու-չտալու խնդիրն ինչն է։ Շատ երկրներ կան, որ ավելի խիստ պահանջներ են դնում, երկրներ կան այլ կերպ են վարվում։ Մենք, 90-ականներից սկած, այդ խնդրի լուծմանը որեւէ ձեւով իրավական լուծումներ չենք տվել։ Նախկինում խրախուսում տալու իրավասությամբ օժտված էին բոլոր ուժային  կառույցները՝ կլինի վարչապետ, նախագահ թե այլ մեկը։ Այսօր միայն ՀՀ վարչապետն է իրավասու զենքով խրախուսում իրականացնելու։ Կան նաեւ խրախուսումներ, որոնց բացատրությունները պետք է վերլուծվեն։ Մենք բազմաթիվ պատերազմական փուլեր ենք անցել, եւ այդ փուլերի ընթացքում, որպես խրախուսում, շատ մեծ քանակի զենք է տրվել կոնկրետ մարդկանց։

-Պարո՛ն Քոչարյան, քաղաքացիների 92 տոկոսը բոյկոտեց. նրանք դեմ են։ Ինչո՞ւ ժողովրդի ձայնը չեք լսում։

-Մենք լսել ենք ժողովրդի ձայնը։ Աշխատանքային քննարկումը դրա մասին է եղել։ Բոլոր հարցերը քննարկվել են, բայց նաեւ լուծում է պահանջվում։ Հարցը ներկայացնում է ներքին գործերի փոխնախարարը: Նա պարզապես այդ առաջարկների փաթեթը բերեց, որպեսզի լինի աշխատանքային բուռն քննարկում. մենք աշխատանքային քննարկումներ ենք անում մինչեւ օրենքը ԱԺ-ում ներկայացնելը։

-Պարո՛ն Քոչարյան, եթե գաղտնիք չէ, Դուք Ձեր զենքը ումի՞ց եք որպես պարգեւատրում ստացել։

-Այն ժամանակ նախարարը եղել է  Վազգեն Մանուկյանը, դա կապված է եղել մի մեծ գործողության հաջողության հետ, որի մեջ ես ունեցել եմ բավականին խոշոր  դեր։

-Վազգեն Մանուկյա՞նն է պարգեւատրել։

-Վազգեն Մանուկյանը եղել է նախարարը. այդ հրամանով շատ լավ, ազդեցիկ, մեծ ներդրում ունեցող զինվորականներ են ստացել զենքեր։ Ես միայն հրաժարվել եմ, որ պարգեւատրումը լինի ատրճանակի տեսքով։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ     

 

 

ՈՒԺԱՅԻՆ ԴԻՍԲԱԼԱՆՍՆ ԱՎԵԼԻ Է ՄԵԾԱՑԵԼ

«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որեւէ հիմք չկա»,-երեկ  ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:  Իհարկե, հիանալի կլիներ, եթե Փաշինյանի պնդումը գոնե հեռավոր աղերս ունենար իրականության հետ: Այս մասին հայտնել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

 

«Սակայն անգամ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը, որն ամենեւին ինստիտուցիոնալ, երաշխավորված խաղաղության մասին չէ, Բաքուն հրաժարվում է ստորագրել՝ առաջ քաշելով երկու նախապայմաններ: Ի դեպ, ակնառու է, որ այդ նախապայմանները, որոնք վերաբերում են Մինսկի խմբի լուծարմանը եւ Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, Փաշինյանը, մեծ հաշվով, պատրաստ է բավարարել:

Այս հարցերում Փաշինյանի առարկությունները բովանդակային չեն ու կապված են ժամկետների հետ: Դրա է համար է թերեւս նա պնդում, որ պատերազմի հիմք չկա, այլ խոսքով՝ նոր զիջումների մասին է ակնարկում:

Սակայն նույնիսկ այս խնդիրները Բաքվի համար պատրվակ են. նրա համար ստրատեգիականը մնում է, այսպես կոչված, միջանցքի հարցը:

Անթալիայի իր ելույթում Բայրամովն ուղիղ խոսում էր այդ մասին՝ «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպումով:

Սա ավելին է, քան նկարագրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: «Ինքնիշխանական» Փաշինյանն իբրեւ թե միջանցք չտալու (իրականում՝ փաստաթղթում խոսք չկար Զանգեզուրի միջանցքի մասին) պատրվակով մերժեց ռուսական միջնորդությունը ու հայացքը նետեց «փրկիչ» Արեւմուտքի ուղղությամբ՝ չնայած հիմա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Միջին միջանցքի (որի մասն է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը) համատեքստում կիրառում է նույն ադրբեջանական թեզերը՝ դրանք փաթեթավորելով «անխափան սահմաններ» ձեւակերպումով: Փաշինյանը հույսը դրել է ժամանակի ու «պատահական, երջանիկ» հանգամանքների վրա: Դարձյալ պնդում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանի համար նվազ ռիսկային լուծումներ նկարագրված էին հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով նպաստեց այդ ստատուս-քվոյի փլուզմանը ու հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս է նա միջանցքի հարցում չեզոքացնելու Բաքվի պահանջները, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ուժային դիսբալանսն ավելի է մեծացել եւ չկան ազդեցիկ միջնորդներ:

Այս հարցի պատասխանը Փաշինյանը չունի, հետեւաբար՝ խաղաղության մասին նրա պնդումները փաստազուրկ են»,- նշել է նա։

 

 

 

 




Լրահոս