Գլաձոր համալսարանը փակվելո՞ւ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլաձոր համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը,  armlur.am  լրատվականի հետ զրույցում խոսելով մասնավոր բուհերի փակման գործընթացի մասին, ասաց, որ  փորձ է արվում  զրկել բուհերին անկախությունից, որն անընդունելի է: Միաժամանակ, մասնավոր բուհի ռեկտորը կարծում է, որ չի կարող Հայաստանում գոյություն ունենալ այդքան շատ մասնավոր բուհ: Պարզապես այդ փակման գործընթացը չպետք է կատարվի այս ձևով` մասնավորապես փակել այն բոլոր բուհերը, որոնք իրավունք չունեն գոյություն ունենալ, իսկ հետո`  հավասար ու նպաստավոր պայմաններ ստեղծել պետական և ոչ պետական բուհերի համար:

Ըստ Ժորա Ջհանգիրյանի` պետք է  փակել  ոչ միայն այն մասնավոր, այլև պետական բուհերն ու մասնագիտությունները, որոնք արդյունավետ չեն կազմակերպում ուսուցումը, կամ միավորել մի քանի պետական բուհ:  Եթե մասնավոր բուհերը փակվեն, ապա կրթության ոլորտում կլինի այն վիճակը, որ կա մյուս ոլորտներում, այսինքն` կրթության ոլորտում ևս չի լինի մրցակցություն:

-Պարո’ն Ջհանգիրյան,  հնարավո՞ր է`  Գլաձորի համալսարանը ևս փակվի:

-Ո’չ,  որովհետև արդեն երկրորդ անգամ մեր համալսարանը հավատարմագրվում է, որովհետև 25 տարվա ընթացքում գիտության ոլորտում ստեղծել է  Գլաձորի համալսարանի շրջանավարտների  բանակ:

-Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, թե մասնավոր բուհերը փակելով` այս իշխանությունները փորձում են կրթության ոլորտում ամբողջությամբ  վերահսկողություն սահմանել` առանց այդ էլ  մեր կրթական համակարգը կուսակցականացված է:

-Կրթությունը պետք է լինի ապաքաղաքական, եթե ուզում են որակ ստանալ: Գլաձոր համալսարանը չի հարում ոչ մի քաղաքական կուսակցության, բացարձակապես դուրս է այդ խաղադաշտից, որը շատերին դուր չի գալիս:

-Բայց համաձայնեք, որ այսօր այդպես չէ:

-Դե’, գիտե՞ք ինչ, էս 25 տարվա ընթացքում  Գլաձոր համալսարանը որևէ մեկը չի փորձել քաղաքականացնել:

-Մենք խոսում ենք ընդհանուր վիճակի մասին:

-Եթե բուհերը քաղաքականացվում են, դա իրենց մեղքն է:

-Այսինքն` եթե բուհի ղեկավարը չցանկանա լինել ՀՀԿ-ական, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նրան չի՞ ստիպի, այնուամենայնիվ, կուսակցական դառնալ:

-Միանշանակ, իհարկե, կան լծակներ, որոնցով կարող են ներգործել բուհի վրա: Եթե անգամ պետությունը ստիպում է մարդկանց, որ  դառնան կուսակցական, դա հավանաբար վերաբերում է  պետական բուհական համակարգի պաշտոնատար կազմին:

Սոնա Դավթյան




Լրահոս