Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտաշես Մաիլյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ինչ է նա պահանջել իր հայցում։
Մասնավորապես ArmLur.am-ը պարզեց, որ Արտաշես Մաիլյանի վերաբերյալ բարեվարքությանը բացասական եզրակացություն է տրվել եւ վերջինս դատարանից պահանջում է. «բացասական եզրակացության հիմքում դրված ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ/0950/11/20 որոշման փաստերը բարեվարքության աստիճանը որոշելու փաստերի ցանկից հանել և փոխարինել հետևյալ փաստերով՝ Արտաշես Մաիլյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, վերջինս աշխատանքային գործունեության ողջ ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական կամ այլ պատասխանատվության, ավելին՝ Արտաշես Մաիլյանը 6 (վեց) խրախուսվել է։
Մասնավորապես՝ պարգևատրվել է «Համագործակցության համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Գերազանց ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» մեդալներով և «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, Որևէ զանգվածային լրատվամիջոցներով և/կամ սոցիալական հարթակներում Արտաշես Մաիլյանի անձի կամ գործողությունների /անգործության/ վերաբերյալ քննարկումներ չեն եղել, դիմումատուից որևէ մեկը, այդ թվում, որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ երբևէ դիրքորոշում կամ պարզաբանում չի պահանջել, ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման մեջ չկա որևէ նշում առ այն, որ ոչ արդյունավետ քննություն չկատարելու պատասխանատուն հանդիսանում է քննիչ։
Ըստ հայցվոր Արտաշես Մաիլյանի, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է նախաքննական մարմին, իսկ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով նախաքննական մարմին հասկացությունն ավելի ընդհանրական է և չի սահմանափակվում բացառապես քննիչով, այլ տվյալ նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազով, բացի այդ 2021 թվաանի հոկտեմբերի 22-ից Արտաշես Մաիլյանը չի հանդիսացել խնդրո առարկա քրեական գործով քննիչ և որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ նախաքննությունը, Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները կայացվել են փաստացի այն ժամանակ, երբ քննիչ Արտաշես Մաիլյանն այլևս որևէ լիազորություն այդ գործով չի ունեցել, այդ գործով չի հանդիսացել քննիչ, հնարավորություն չի ունեցել դատական ատյաններին ներկայացնել քրեական վարույթի անհրաժեշտ նյութերը և տալ բացատրություններ, Վճռաբեկ դատարանի դիքորոշումները և եզրահանգումները վերաբերում են բացառապես Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի արտահայտած դիքորոշումներին և եզրահանգումներին։
«Վճռաբեկ դատարանն իր 25.07.2024 թվականի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները թողել է անփոփոխ, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշումը չի առաջացրել որևէ իրավական հետևանք կողմերի համար, հաստատած համարելու պայմանով»։
Նշենք, որ Մաիլյանը ցանկանում էր դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, սակայն բացասական բարեվարքության համար չհաղթահարեց մրցույթը, իսկ ահա այսօր դատարանում կռիվ է տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ։
Քնար Մանուկյան























































































