ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ժամը 14։00-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելու է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։
Զեկույցում ամփոփված են ՄԻՊ-ի այցերի արդյունքները և դրանց ընթացքում կատարած արձանագրությունները․
«2024 թվականի ընթացքում կատարվել է Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման 69 այց, որից 26-ը՝ պարբերական, դրանցից 1-ը՝ թեմատիկ այց, իսկ 43-ը՝ ըստ անհրաժեշտության: 26 պարբերական այցերն իրականացվել են ոստիկանության բաժիններ ու ձերբակալված անձանց պահելու վայրեր (7 այց), քրեակատարողական հիմնարկներ (3 այց), հոգեբուժական կազմակերպություններ (3 այց), դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցեր (11 այց), ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնում ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներ (1 այց), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա խնամքի հաստատություն (1 այց): Թեմատիկ այցը իրականացվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրավունքների ապահովման հարցերն ուսումնասիրելու նպատակով»․- ասված է զեկույցում։
Էմմա Միքայելյան






























