Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից մշտադիտարկման ընթացքում հոգեկան առողջության կենտրոններում հայտնաբերել են ժամկետնանց դեղեր։
«2024 թվականի մշտադիտարկման այցերի ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրվել են խնդիրներ դեղորայքի և բժշկական պարագաների պահման պայմանների, այդ թվում՝ ժամկետների նկատմամբ հսկողության հետ կապված: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի 2-րդ բաժանմունքի դեղապահարանում այցի պահին հայտնաբերվել է ժամկետանց «Կարդիո մագնիլ» դեղամիջոց: Նույն դեղապահարանում հայտնաբերվել է դեղամիջոց (լուծույթ), որի անվանման և ժամկետի վերաբերյալ նշումներն առհասարակ բացակայել են: Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն և Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքների բժշկական միջամտությունների սենյակների պահարաններում հայտնաբերվել է կտրած դեղաթիթեղներով դեղորայք, որոնց պիտանելիության ժամկետներն ու անվանումներն ամրագրող հատվածները բացակայել են, ինչի արդյունքում հնարավոր չի եղել պարզել դեղամիջոցի տեսակն ու պիտանելիության ժամկետները»,- ասված է ՀՀ ՄԻՊ զեկույցում։
Պաշտպանն ընդգծել է, որ ժամկետանց դեղերի օգտագործումն անթույլատրելի է, և դեղորայքի պահպանման նկատմամբ պետք է իրականացնել պատշաճ հսկողություն:
Զեկույցում ասվում է, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում այցի ընթացքում արձանագրվել են նաև հոգեմետ դեղամիջոցների պահպանման հետ կապված խնդիրներ: Այսպես, «Ռիսպիրիդոն» տեսակի հոգեմետ դեղամիջոցի մեծ քանակություն պահվել է բուժզննությամբ համար նախատեսված սենյակի չկողպվող պահարանում, ինչի կապակցությամբ բուժանձնակազմի ներկայացուցիչները պատճառաբանել են, որ այն դեղատներում վաճառվում է առանց դեղատոմսի:

2024 թվականի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում և սոցիալական պաշտպանության խնամքի մասնագիտացված հաստատություններում արձանագրվել են բժշկական պարագաների հագեցվածության հետ կապված խնդիրներ:
Այսպես, Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում լաբորատոր ծառայությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2024 թվականի ընթացքում մինչ այցի օրը (2024 թվականի փետրվարի 12) կատարվել է ընդամենը 6 հետազոտություն (արյան և մեզի ընդհանուր քննություն)։ Հետազոտությունների իրականացման սակավ թիվը պայմանավորված է եղել լաբորատորիայում անհրաժեշտ նյութերի, ռեագենտների և պարագաների բացակայությամբ։
Լաբորատորիայում բացակայել են նաև արյան մեջ շաքարի ուսումնասիրության համար անհրաժեշտ ստրիպները, չնայած այն հանգամանքին, որ հաստատությունում պահվում են շաքարախտով տառապող մի շարք անձինք։ Այսպիսով, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում լաբորատոր ծառայությունների հագեցվածության, ծավալի, համապատասխան նյութերով և պարագաներով բավարար ծավալով ապահովվածության հետ կապված հարցերը:
Էմմա Միքայելյան






























