Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հատուկ մշակված գումարներ․ ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաներին բավականին ուշագրավ օպերացիայի արդյունքում է ձերբակալել: Մասնավորապես ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մշակված գումարներ է պատրաստել եւ այդ մշակված գումարներն էլ որպես կաշառք տրվել են Շենգավիթի թաղապետարանի գովազդայի վարչության ավագ մասնագետին եւ եւս մեկ աշխատակցի, ինչից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները մտել են Շենգավիթի թաղապետարան եւ ձերբակալել աշխատակիցների:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաներից մեկին դատարանը տնային կալանքի է տարել, իսկ ահա մյուս աշխատակիցը դեռեւս ձերբակալված է: Ասել է, թե նախաքննական մարմինը այնպիսի օպերացիա է իրականացրել, մշակված գումարներ է պատրաստել, ինչի արդյունքում թաղապետարանում փաստի առաջ են կանգնել:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել։ Աշխատակիցներ են ձերբակալվել։ Այս տեղեկությունը հաստատել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Քննչական գործողություններն իրականացվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք»,- նշել էր խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ուշագրավն այն է, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էր դեպքին անդրադարձել՝ նշելով․ «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այս պահին կլռեմ»։

Իսկ հարց է առաջանում, ինչով է զբացված համայնքի ղեկավար Մկրտչյանը, երբ իր ղեկավարության ներքո գտնվող կառույցում կաշառք վերցնելով են զբաղված: Այս իրավիճակում հակակոռուպցիոն կոմիտեն պետք է նաեւ քննության առարկա դարձնի վարչական շրջանի ղեկավարի գործունեությունը, թե իր ղեկավարած կառույցում անգործություն է դրսևորել, ինչի հետեւանքով կառույցի գովազդային բաժնի աշխատակիցները կաշառքի մեջ են ներգրավվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս