Armenian text to speach

Հայաստանում նախատեսվում է սահմանել դատարանում գործերի քննության կոնկրետ ժամկետներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդարադատության նախարարությունը նախատեսում է մշակել օրենսդրական նախագիծ, որով դատարանում գործերի քննության համար կսահմանվեն կոնկրետ ժամկետներ։ Երևանում կայացած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Իհարկե, հասկանալի է, որ կա օբյեկտիվ ծանրաբեռնվածություն, բայց այդ ծանրաբեռնվածությունը պետք է նաև հնարավոր լինի թոթափել։ Կան դատավորներ, որոնք նույն ծանրաբեռնվածության պայմաններում գործերը քննում և ավարտում են շատ ավելի արագ՝ տարիների տարբերությամբ։ Այսինքն՝ անհասկանալի է, թե ինչու է մեկ դատավորը գործը ավարտում երկու-երեք տարում, իսկ մյուսը՝ ինը կամ տասը տարում։ Սա բոլորիս համար անընդունելի երևույթ է», – ընդգծեց արդարադատության նախարարը։

Նա նշեց, որ նախագիծը ենթադրում է նաև գործերի քննության ժամկետի երկարացման հստակ չափանիշների սահմանում, որպեսզի դատավորները, պատճառաբանված որոշմամբ, կարողանան որոշ դեպքերում երկարաձգել ժամկետները․

«Սա մի նախագիծ է, որը պետք է մեր բոլոր գործընկերների հետ քննարկվի, նաև գործերի ժամկետի քննության երկարացման հնարավորությունները ևս պետք է քննարկվեն և սահմանվեն այն չափանիշները, որոնց հիման վրա պատճառաբանված որոշմամբ հնարավորություն կունենան դատավորները երկարացնել այդ գործերի քննության ժամկետը»,-եզրափակեց Գալյանը։




Լրահոս