ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային 26-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր։
Փառատոնին, որն անցկացվել է ապրիլի 14-17-ը Սանկտ Պետերբուրգի Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հայաստանի թատերախումբն արժանացել է Գրան պրիի։

Երրորդ տեղը զբաղեցրել է Սևաստոպոլի թատերախումբը, երկրորդ հորիզոնականը՝ Մոսկվայի, իսկ առաջին տեղը՝ Բելառուսի թատերախումբը։
ԳԱՈՒՍ-ի ներկայացուցիչները խոստովանել են, որ հաղթանակն անակնկալ է եղել, հուզվել են և խոստացել կրկին մասնակցել փառատոնին։

Չորս օր շարունակ մասնակիցները հանդիսատեսին են ներկայացրել թե՛ դասական, թե՛ ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների նոր ու հետաքրքիր, համարձակ մեկնաբանություններ՝ մեծ բավականություն պատճառելով թատերասերներին։
Փառատոնին մասնակցել է տասներկու թատերախումբ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Աբխազիայից, Ռուսաստանից և Թունիսից։ Խաղացել են դրամատիկ, պլաստիկ, երաժշտական և տիկնիկային ներկայացումներ։





















































































