Օրերս ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Էրեբունի» ՔԿՀ-ն փակելու մասին, և այժմ դատապարտյալներին տեղափոխում են «Սևան» և «Կոշ» ՔԿՀ-ներ:
Ելնելով «Էրեբունի» ՔԿՀ-ում նախկինում գտնված մի շարք դատապարտյալների դիտարկումներից՝ գալիս ենք եզրահանգման, որ դատապարտյալների գոհունակությունը և ՔԿՀ-ի փակվելը անհամահունչ են: Միակ քրեակատարողական հիմնարկը, որն իր աշխատակիցների կողմից կանոնադրության պահպանմամբ և դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքով երբևէ գոհացրել է եթե ոչ բոլոր, ապա գոնե դատապարտյալների մեծ մասին, Էրեբունի ՔԿՀ-ն է:
Այդուհանդերձ, ինչպես պազաբանել է Արդարադատության նախարարությունը, ՔԿՀ-ի փակվելը բարեփոխությունների նպատակ է հետապնդում. այսուհետ այն գործելու է բաց ռեժիմով: Այսինքն՝ մյուս ՔԿՀ-ներից բաց ռեժիմի անցած դատապարտյալները տեղափոխվելու են «Էրեբունի» բաց ռեժիմով գործող ՔԿՀ:
Այս ՔԿՀ-ում երկար ժամանակ մնացած, այժմ Արթիկ ՔԿՀ-ում գտնվող Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այն ողջ ընթացքում, երբ իր ամուսինը եղել է «Էրեբունի« ՔԿՀ-ում, գոհ է եղել թե ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից, թե նրանց կողմից կանոնակարգի պահպանումից:
«Միակ քրեակատարողականն է, որտեղ ամուսնուս` որպես դատապարտյալի, չեն նվաստացրել, աշխատակիցները պահպանել են բոլոր կանոնները: Թե՛ ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը, թե՛ առաջին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը, թե՛ անվտանգության բաժնի պետ Արսեն Մարտիրոսյանը միշտ բարեխիղճ վերաբերմունք են դրսևորել թե՛ ամուսնուս, թե՛ մյուս կալանավորների հանդեպ»,- ասաց դատապարտյալի կինը` հավելելով, որ բժշկական սպասարկումով նույնպես այս ՔԿՀ-ն առանձնանում է:
Այսպիսով՝ եկանք այն եզրահանգման, որ չնայած կարծիք կա տարածված, որ դատապարտյալները միշտ դժգոհ են լինում կալանավայրերի սպասարկումից և իրենց հանդեպ աշխատակիցների վերաբերմունքից, այնուամենայնիվ, առանձնացվել է մի ՔԿՀ, որից, ի զարմանս բոլորի, կան գոհ մարդիկ, որը, սակայն, որպես այդպիսին, այլևս չի գործի:
Այդուհանդերձ, վերջերս կարծիքներ հնչեցին, որ «Էրեբունի» ՔԿՀ-ի փակվելուց հետո մյուս քրեակատարողականներն ավելի կծանրաբեռնվեն դատապարտյալներով, քանի դեռ ավարտին չի հասցվել նոր ՔԿՀ-ի` «Արմավիրի» շինարարությունը:
Այսպիսով՝ որն է «Էրեբունի» ՔԿՀ-ի փակման շարժառիթը, դեռևս անհայտ է:
Տաթև Հարությունյան