«Դեմ եմ» նախաձեռնության հերթական հանրահավաքը Մատենադարանի մոտ շարունակվում է: Ելույթով հանդես եկան նախաձեռնության մի քանի անդամներ: Նրանք հայտարարեցին, որ ստիպելու են կառավարության անդամներին ենթարկվել օրենքին:
«Եթե կառավարության դիրքորոշումը չի համընկնում ժողովրդի դիրքորոշման հետ, այդ օրենքն առ ոչինչ է»,- հայտարարեցին անդամները:
Նրանք պահանջում են դադարեցնել անհիմն պահումները, վերադարձնել վերջին ամիսներին գանձված գումարները, ինչպես նաև՝ էլեկտրոնային հաշիվների պարտադիր դաշտը վերացնել:
«Ժամանակն է սթափվել, պարոնայք, ժողովրդի կամքն օրենք է»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Վերջինս նաև անդրադարձավ արդարադատության փոխնախարարի հայտարարությանը, թե պարտավոր են վճարել այդ 5 տոկոսը: Ես պարտավոր չեմ վճարել, ավելին, պարտական չեմ ոչ ոքի՝ բացի իմ ծնողներից:
Իսկ ահա Լևոն Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանը Շվեյցարիա է, քանի որ հանցագործություններ չկան, իսկ դատախազությունն ընկել է ազնիվ հարկատուների` «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետևից:
Ի դեպ, առաջին անգամ հանրահավաքում ելույթ ունեցավ իգական սեռի ներկայացուցիչ: