Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Բուշերի ատոմակայանում (ԱԷԿ) գործող ռեակտորին ևս 19 միջուկային ռեակտոր ավելացնելու Իրանի մտադրության մասին։
«Իրանը ներկայումս մեկ ռեակտոր է շահագործում Բուշերի ատոմակայանում: Մեր վաղեմի ծրագիրն է կառուցել ևս 19 ռեակտոր, ինչը իր հերթին նշանակում է, տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրերի կնքում», – նշել է նա X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված ուղերձում :
Արաղչին նաև նշել է, որ Թեհրանը երբեք դեմ չի եղել Վաշինգտոնի հետ գիտատեխնիկական համագործակցությանը։ Ավելին, Արաղչիի խոսքերով, «տրիլիոն դոլարների հնարավորությունները, որ տալիս է Իրանի տնտեսությունը, կարող է բաց լինել ԱՄՆ ձեռնարկությունների համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ռուսական «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ կորպորացիան Իրանի հետ բանակցություններ է վարում երկրում ևս մեկ ատոմակայանի կառուցման շուրջ։
Անի Վարդանյան






























