Ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է (անգլերենով՝ World Book and Copyright Day)։
1995 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր։
Որոշումն ընդունվել է կրթության, մշակութային ավանդույթների զարգազման համար, հաշվի առնելով, որ գիրքը գիտելիքի ամենաշատ օգտագործվող, ամենավստահելի տարածման միջոցն է։ Բանաձևում նշված է այդ օրը գրքի ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման արդյունավետությունը։
Նշենք, որ օրը նշվում է աշխարհի գրեթե 100 երկրներում և այդ թվում՝ Հայաստանում։ Ավելին, Հայաստանում 2008 թվականից սկսած նաև նշվում է գիրք նվիրելու տոնը, որը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։
Գրականության մեջ այս օրը կարևոր է, քանի որ ոչ միայն օրվա խորհուրդն է կարևոր, այլև այս օրը գրողներ Հալդոր Լաքսենսի, Մորիս Դրյուոնի և Մանուել Վալեխոյի ծննդյան օրն է։ Այս օրը նաև հիշտակի օր է գրականության մեջ, քանի որ այս օրն են մահացել Ուիլյամ Շեքսպիրը, Գարսիլասո դե լա Վեգան, Միգել դե Սերվանտեսը և Ժոզեպ Պլան։
ArmLur.am-ը ներկայացնում է օրվա առթիվ թեմատիկ աֆորիզմներ։
1․ Չկան բարոյական կամ բարոյազուրկ գրքեր: Կան գրքեր, որոնք լավ են գրված կամ գրված են վատ: Ահա և բոլորը։ /Օսկար Ուայլդ
2․ Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին:/Վարդգես Պետրոսյան
3․ Վստահիր գրքերին, նրանք ամենամտերիմներն են. նրանք լռում են, երբ պետք է և խոսում են, երբ պետք է՝ անհրաժեշտության դեպքում բացելով ձեր առջև աշխարհը:/ Էռնեստ Հեմինգուեյ
4․ Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:/ Ժան Պոլ Սարտր
5․ Լավ գիրքն այն գիրքն է, որ գրել է լավ մարդը:/ Վիլյամ Սարոյան
Պետք է փաստել այն մասին, որ գրքերը հասարակ թղթի կտորներ չեն, այլ շատ ժամանակ բանալիներ են, որոնք բացում են դռներ դեպի նոր աշխարհներ, գաղափարներ, զգացմունքներ։ Գրքերը ունակ են փոխելու մարդկանց կյանքը, սովորաբար դեպի լավը։ Ճիշտ պահին կարդացած գիրքը կարող է դառնալ կյանքի շրջադարձային կետ։
Աննա Սրապիոնյան





























