Գիտաժողով. «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին շարունակվեց «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։

Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցներով հանդես են գալիս երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։

Գիտաժողովին ուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը։ Ուղերձում, մասնավորապես, ասված էր. «Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդն օտար երկրներում 100 և ավելի տարիների ընթացքում ստեղծել է ավելի քան 18 համահայկական կառույցներ և 30 հազարից ավելի հայկական կազմակերպություններ և 80 տարի շարունակ պայքարել է Ցեղասպանության ճանաչման, իր իրավունքների վերականգնման համար։ Այժմ, երբ իրականացել է մեր դարավոր երազանքը, և ունենք 2 անկախ հայկական պետություն, առավել քան հնարավորություններ կան մեր նպատակներին հասնելու համար։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, նրա հետևանքների վերացմանն ուղղված գործընթացները ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթություններից են»,- նշված է ուղերձում։ Տիկին Հակոբյանը, իր ուղերձում դիմելով երիտասարդներին, կոչ է անում սկսել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հուշերը, վկայություններն ու պատմածները գրի առնելու շարժում։
Գիտաժողովի ընթացքում բանախոսները նկատում են, որ հայկական կողմը պետք է կարողանա Ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցույց տալ համայն մարդկությանը։ Եթե Հայոց ողբերգությունն արդարացի կերպով միջազգային հանցագործություն չճանաչվի, հատագայում նման ոճիրները կարող են սպառնալ նաև մյուս ժողովուրդներին։ Երիտասարդ մասնագետները շեշտեցին, որ Հայոց Ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա միջազգային հանրության ավելի լայն շերտերի։

«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով գիտաժողովի նպատակն է վեր հանել թուրքական ժխտողականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում բացահայտել և օգտագործել երիտասարդ գիտնականների ներուժը, համախմբել Ցեղասպանության խնդրով զբաղվող երիտասարդ մասնագետներին և համատեղ մշակել միասնական ռազմավարություն նշված հարցի լուծման նպատակով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս