Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացմանը։ Ցուցահանդես է այցելել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և այլ հյուրերի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ցուցադրվող և վաճառվող ապրանքներին, կատարել գնումներ։
«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատարյա Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին աջակցության համար։
Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է նման նախաձեռնությունները, ինչը, քաղաքապետի խոսքով, յուրովի մասնակցություն է Երևանի զարգացմանը, ինչպես նաև լրացուցիչ առիթ է բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու։
Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցել են 30 կազմակերպություններ և 20 դիվանագիտական ներկայացուցչություններ։ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված բարեգործական տոնավաճառում ցուցադրվել են կին գործարարների կազմակերպությունների արտադրանքներ ու կին ստեղծագործողների աշխատանքներ։ Տոնավաճառի ողջ հասույթը, ինչպես նաև սրահում հավաքվող հանգանակությամբ հավաքված գումարն ուղղվելու է Երևանի h. 71 և h. 130 մանկապարտեզների նորոգմանը, ինչպես նաև կհատկացվի սիրիահայ մի քանի ընտանիքների։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն