Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը ֆինանսական միջոցներ հատկացնելու համար 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխում կկատարվի: Նպատակն ապրիլ և մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելն է: Առաջարկվում է 2-րդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
«Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը: Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը:
Դիմումների ընդունման ժամկետը, երբ մեկնարկել է գործընթացը, սահմանված է եղել 2025 թվականի փետրվարի 1-ը, վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի հունվարի 31-ը»,- ասաց նախարարի տեղակալը:
Մանրամասները՝ տեսանյութում։
























































































