Սերժ Սարգսյանն այդպես էլ մնաց կուլիսներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Ռ. Քոչարյանի օրոք «գորշ կարդինալ»-ի համարում ունեցող  Սերժ Սարգսյանը նախագահի աթոռը ստանձնելուց հետո էլ չձերբազատվեց  կուլիսային քաղաքականություն վարելու սովորույթից, հայտնի է բոլորին:

Իր ելույթներում մշտապես պետական գործչի իմիջով ներկայանալ փորձող Սարգսյանն անցած տարիներին այդպես էլ ոչինչ չարեց` ամրագրելու երկրի ղեկավարի հարգանքը ՀՀ պետական  և քաղաքական ինստիտուտների  նկատմամբ: Ընդհակառակը, նա իր կայացրած միանձնյա բազմիցս որոշումներով անհեթեթ վիճակի մեջ է դրել սեփական թիմի անդամներին: Բավական է հիշել հենց միայն  սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը, որից ընդամենը ժամեր առաջ  ՀՀԿ վերնախավը գրեթե «մամայի արև»  երդվում էր, որ ՀՀ-ն ստորագրելու է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը:

Նույնպիսի ծիծաղելի վիճակում հայտնվեցին ՀՀԿ-ականները նաև վարչապետի պաշտոնանկության դեպքում: Դրանից ընդամենը հաշված օրեր առաջ ՀՀԿ մամուլի խոսնակը կառավարության հրաժարականի մասին խոսողներին խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել, իսկ հենց ինքը` Տիգրան Սարգսյանը,  իր ընդդիմախոսներին «ջհանդամն» էր ուղարկում սեփական հրաժարականից ընդամենը 4 ժամ առաջ:

ՀՀ պետական և քաղաքական համակարգի նկատմամբ իշխանությունների այս վերաբերմունքը արդարացիորեն քննադատվել է ընդդիմության կողմից: Սակայն, որ այդ առումով ընդդիմությունն ինքն էլ առանձնապես չի տարբերվում: Այստեղ ևս բոլոր որոշումներն ընդունվում են կուսակցությունների առաջնորդների կողմից` միանձնյա, և առավելապես` կուլիսային  գործընթացների արդյունքում: Դրա վառ օրինակն են այս օրերին  տարբեր ֆորմատներով ընթացող  քաղաքական կոնսուլտացիաները, որոնց իրական բովանդակության, առավել ևս` նպատակի մասին,  մինչև վերջ տեղյակ չեն  ոչ միայն հանրությունը կամ այդ ուժերի շարքային անդամները, այլև անգամ այդ հանդիպումների մասնակիցները:

ԲՀԿ  ղեկավար կազմի անդամները չեն հանդգնում  նույնիսկ ամենաանմեղ հարցի շուրջ որևէ բան ասել` առանց  Գագիկ Ծառուկյանի, կամ առնվազն Նաիրա Զոհրաբյանի հետ ճշտելու: Անգամ Վարդան Օսկանյանն այլևս «սեփական կարծիք» չունի:

Փոքր-ինչ ավելի ազատ են արտահայտվում ՀԱԿ անդամները, սակայն դրանից որևէ բան չի փոխվում, քանզի դարձյալ` որոշումները կայացնում է   բացառապես Տեր-Պետրոսյանը: Իսկ ահա «Ժառանգություն»-ում ով ինչ ուզում` ասում է,  բայց  վերջին պահին ԱՄՆ-ից գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանը և բոլորին ստիպում ՙզադնի տալ՚: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այստեղ, չնայած թվացյալ կոլեգիալությանը, որոշումները կայացվում են հայտնի չէ, թե որտեղ, և հայտնի չէ, թե ում կողմից:

Եվ արդյունքում` մենք ունենում ենք մի քաղաքական դաշտ, որտեղ բոլոր գործընթացները ծավալվում են ընդամենը 5-6 հոգու կուլիսային բանակցությունների արդյունքում, իսկ մնացածները զբաղվում են  դրանք հանրության վզին հնարավորինս նրբորեն փաթաթելով:




Լրահոս