ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցանք՝ Երևանի նկատմամբ․ «Կասկադ» համալիրի շուրջ գործարք է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի սիրտը խոցված է․ «Կասկադ» համալիրը, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո կիսատ է մնացել, կվերակառուցվի գործարքով՝ շինություն՝ բնակելի համալիրի դիմաց։ Մրցույթն արդեն կայացել է, հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի հաղթանակը մասնագետները համարում են ո՛չ մրցակցային, ո՛չ մասնագիտական։

Հիմա ամեն ինչի մասին հերթով

572 աստիճաններով 302 մետր բարձրությամբ «Կասկադ» մշակութային համալիրի շինարարությունը սկսվել է 1971 թվականից և մասնակի ավարտվել 1980 թվականին՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Ասլան Մխիթարյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով։ Վերևի մասը տարիներ շարունակ անավարտ է։ Եւ հիմա Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ռեկորդային ցածր ձայներով է քաղաքապետ դարձել՝ քաղաքաբնակների մոտ 7 տոկոսով, որոշել է 2807 տարեկան Երեւանի ամենագլոբալ նախագծերից մեկը ավարտել՝ առանց հեղինակների հետ համաձայնեցնելու։ Սա ոչ միայն հեղինակային իրավունքի խախտում է, անթույլատրելի նախադեպ, այլ հենց ճարտարապետական պատկերացումների տարբերություն, որի ձևախեղումը խիստ բացասաբար կանդրադառնա քաղաքի դիմագծի վրա։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մոտ 1 ամիս առաջ հրապարակավ խոստովանեց, որ գործարք է տեղի ունեցել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի և քաղաքապետարանի միջև։

Այսպիսով, չունենալով կոնսենսուս, քաղաքապետը որոշել է հենց այդ ընկերությանը տալ «Կասկադ» համալիրի վերակառուցման իրավունքը՝ պայմանով, որ հետագայում շինթույլտվություն է տալու «Կասկադի» աջ կողմում բազմաֆունկցիոնալ համալիր, բնակարաններ կառուցապատելու համար։

Այս տարվա մարտի 1-ին ՀՀ Ճարտարապետների պալատը աննախադեպ բաց նամակով դիմեց իրավասու կառույցներին՝ ահազանգելով, որ ««Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Բնականաբար այդ համաձայնեցումը պետք է տեղի ունենար մինչև «Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի քաղաքապետարանի կողմից այն հրապարակելը։

Հայաստանի Ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի շուրջ և ակնկալում է հնչեցված խնդրի վերաբերյալ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը հնչեցված խնդրի վերաբերյալ»:

Իսկ ինչ է «Ակտիվ քաղաքացի» հարթակը․ այն, ըստ կայքէջի, քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր գաղափարների հայտնաբերման և քննարկման համար է։ Բայց քննարկում, որպես այդպիսին, չի եղել։

Երևանցին միայն տեղեկացավ, որ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կանի և կփրկի «Կասկադը»՝ աջ կողմում բնակելի և այլ համալիրներ կառուցելով։

Հանցանք՝ Երևանի նկատմամբ

Քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանը, որը եղել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, ArmLur.am լրատվականի հետ զրույցում անթույլատրելի համարեց առանց պատշաճ քննարկման այսպիսի նախագծի հաստատումը։

«Առաջին հերթին պետք է կանչեին հեղինակ ճարտարապետին, առաջարկ անեին ընդգրկվելու «Կասկադի» կառուցման գործընթացում, դրանից հետո միայն մյուս հեղինակներին առաջարկեին շարունակության վերաբերյալ նախագծեր ներկայացնել։ Սա տեղի չի ունեցել, որը, իմ կարծիքով, շատ վատ փաստ է․․․ Բոլոր հարցերը նախ քննարկել էր պետք․ ի՞նչ բարձրության շինություններ պետք է լինեն, ի՞նչ պետք է լինի, որ տեսարանը չփչանա և այլն»,- նշել է Մնացականյանը։

Ամենակարող կառուցապատողը՝ ՔՊ-ի սիրելին

Իսկ ով է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի սեփականատերը, որը այս մեգանախագծում առանց իրական մրցույթի, հաղթել է։ Ըստ Պետական ռեգիստրի տվյալների՝ այն հիմնադրվել է նախորդ տարի՝ 2024թ․ հոկտեմբերի 24-ին, իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97.5 %ով։

Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է՝ նախկինում խարդախույթան համար դատապարտված։ Իսկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը Երեւանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն դաշնակիցն է՝ իր փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանով։ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ում է աշխատում նաև վարչապետի նախկին օգնական, պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը։ Այս ընկերությունը տարբեր վերջավորություններով բազմապիսի բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցից ամենախոշորը իհարկե, 20 մլրդ 46 մլն դրամի ներդրման խոստումն է՝ «Կասկադ» համալիրի համար։

Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա: Ըստ պաշտոնական տեղեկության՝ կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:

«Կասկադի» կողքին բարձրահարկ բնակելի շենքեր կլինեն

Իհարկե, «Կասկադը» պետք է վերակառուցվի, նորովի լուծումներով, տուրիստական գրավչությամբ և հարմարավետ ժամանցի ապահովման հնարավորությամբ։

Իհարկե, նախկինում էլ շատ գործարարներ փորձել են Երեւանի ամենահյութեղ պատառը վերցնել, բայց չեն կարողացել։

Այսպիսով, ըստ նախագծի, Մատենադարանի հետևից մինչև «Կասկադի» բարձունքը լինելու են անհասկանալի շենքեր, ըստ Մնացականյանի՝ առանց քաղաքաշինական, գեղագիտական, ճարտարապետական խորհուրդ անցնելու։

Ըստ Մնացականյանի, անգամ եթե «Կասկադի» կիսավարտ մասի շինարարությունը շարունակվի, 50 հազար հեկտար չի կարելի տալ ինչ-որ մեկին սրահ ու բնակելի համալիր կառուցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս