«Երևանը մեր տունն է, և այն բոլորս պետք է բարեկարգենք ու մաքուր պահենք» կարգախոսի ներքո ապրիլի 12-ին անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն ու մի շարք զորամասերի զինծառայողներ:
Երևանի փողոցների ու թաղամասերի, ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներից անմասն չեն մնացել զինծառայողները, ովքեր վաղ առավոտից քաղաքը մաքրում էին կենցաղային ու շինարարական աղբից, չորացած տերևներից ու ճյուղերից:
Մաքուր, բարեկարգ ու կանաչ Երևան ունենալու ցանկությունը բազմաթիվ քաղաքացիների և զինծառայողների համախմբել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հուշահամալիրի հարակից տարածքների, հուշարձանների բարեկարգման աշխատանքերին և ծառատունկին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը՝ Սեյրան Օհանյանը բնավ պատահական չի համարել այն, որ բարեկարգման աշխատանքների մեկնարկը տրվել է հենց «Եռաբլուր» պանթեոնից:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը շրջել է պանթեոնում, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ տվել գերեզմանաքարերի շրջակա տարածքներն ընդլայնելու, քաղաքացիների այցերի համար դրանք առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:
Սեյրան Օհանյանը զրուցել է նաև «Եռաբլուր» պանթեոն այցելած զոհված ազատամարտիկների հարազատների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցել է նաև մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում իրականացվող բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին:
Ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ զորամասերի զինծառայողները մասնակցել են Հրազդանի կիրճում իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքներին: Զինծառայողները մասնավորապես բարեկարգել են ԽՍՀՄ հերոս Օլեգ Կոշևոյի հիշատակին նվիրված հուշարձանի, «Հրազդան» մարզադաշտի, «Ծիծեռնակաբերդ» հուշարձան թանգարանի հարակից տարածքները: