ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այնսօր ժամը 11։00-ին Ազգային ժողովում զեկուցելու է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Համաձայն այս նախագծի՝ ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում` ամրացված կողնակներ), 3 երթեւեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ եւ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ (Ծրագրի թունելի հատվածը կֆինանսավորվի առանձին):
Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային եւ Հարավային ենթահատվածների կառուցումը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:
Պայմանագրով սահմանված են նաեւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033թ. դեկտեմբերը․ շինարարության ավարտ՝ 2031թ. դեկտեմբեր, որակի երաշխիքային ժամկետ՝ 2033թ. դեկտեմբեր:
Էմմա Միքայելյան





























