Դաշնակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի խորհուրդներին հետևելու կարիք չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից armlur.am լրատվականը  հետաքրքրվեց` արդյոք ի վերջո, վարչապետի հրաժարականից հետո  ինչի շուրջ են համախմբվելու  ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը:

Պատգամավորի խոսքով` չորս ուժերի օրակարգում տարբեր խնդիրներ կան, որոնք առնչվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին: «Առաջիկա ծրագրերից է շատ բան կախված լինելու, մենք հույս ունենք, որ քառյակի ձևավորած օրակարգը թույլ կտա ՀՀ-ի իշխանություններին ևս պետք է մասնակցեց իրական բարեփոխումների ծրագրին: Առանց ինքնասպան լինելու պետք է ևս մասնակցեն մեր կողմից առաջարկվող բարեփոխումներին»,- մանրամասնեց Մինասյանը:

-Բարեփոխումներ ասելով` նկատի ունեք ՀՅԴ-ի առաջարկած յոթ կետե՞րը:

-Նաև դրանք: Առաջիկա օրերին նաև հստակություն կմտնի, թե որ քաղաքական ուժերն են որ կետերի շրջանակներում են պաշտպանում մեր առաջարկած կետերը:

-Իսկ արդյոք կհամախմբվեն չորս ոչ իշխանական ուժերը Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ:

-ՀՅԴ-ի օրակարգում նման բան չկա: Մենք, երբ  խոսում ենք հրաժարականի մասին, պետք է նկատի ունենանք, դրա հաջորդ քայլը առճակատումն է: Այն ուժերը, որոնք ցանկանում են գնալ այդ ուղղությամբ, պետք է անկեղծ լինեն և ժողովրդին ներկայացնեն իրենց քայլերի հաջորդականությունը: ՀՅԴ-ն իր առջև խնդիր է դրել ամբողջական իշխանափոխություն իրականացնել, բայց  սահուն  ընթացքով` ապահովելով նաև սահմանադրական փոփոխություններ:

-Այսօր, հավանաբար,պարզ կլինի` ով է լինելու ՀՀ-ի 13-րդ վարչապետը: կառավարության նոր ղեկավարի  նշանակումն այսքան ձգձգելը չի նշանակում արդյոք, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հետ համատեղ:

-Ես  չեմ կարող ասել, նախագահն ինչ է մտածում:

-Իսկ ՀՅԴ-ը իրեն տեսնո՞ւմ է նոր կառավարության կազմում:

-Մեզ համար կարևորը ծրագրերն են ու  դրանք հետևողականորեն իրականացնելը: Մենք կարող ենք չլինել  իշխանական ոչ մի աթոռի վրա, բայց պատրաստ ենք օգնել, որ տեղի ունենա փոփոխություն:

-ՀՅԴ-ը ցանկություն ունի՞ մտնելու կոալիցիա:

-Ոչ:

-Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում շարունակել երկրի ղեկավարումը ոչ որպես հաջորդ ՀՀ նախագահ և ոչ էլ որպես վարչապետ՝ այլընտրանքային կառավարման անցնելու դեպքում  հորդորել է հանձնաժողովին՝ աշխատել անկաշկանդ, ինչ մեսիջներ է պարունակում:

-Ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի այդ խոսքը:  Սա մեր իրականության մեջ նոր ձեռագիր է, որը թույլ  է տալիս ասելու, որ եթե բարեփոխումների գնացող նախագահը  նման կոչ  է հնչեցնում, ուրեմն պետք է բոլորս ներգրավվենք այդ բարեփոխումները ժողովրդի պահանջին հարմարեցնելու համար: Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը նաև հստակ ուղերձ էր, որ ինքը չի աշխատում իր իշխանության վերարտադրությամբ ուղղությամբ:

-Հարցազրույցով էր հանդես եկել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ընդդիմադիր ուժերին տվել էր որոշակի խորհուրդներ: Կհետևի՞ ՀՅԴ-ը  այդ խորհուրդներին:

-Առաջին նախագահի խոսքն իր նախագահների համար է, մենք խորհրդի կարիք չունենք, մենք ունենք մեր որդեգրած մոտեցումները:

-Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն ստացաք Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից:

-Կլռեմ հաստատ, առանց մեկնաբանության:

Սոնա Դավթյան

 




Լրահոս