Armenian text to speach

Ջազի առաջին լեդին․ Էլլա Ֆիցջերալդի ծննդյան օրն է․ երգչուհու հայտնի ստեղծագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առհասարակ երաժշտությունն այն աշխարհն է, որտեղ կարող ես գտնել ինքդ քեզ, անգամ, եթե չես մոլորվել ու կորել ինչ-որ տեղ։

Երաժշտության մեջ կան ժանրեր, որոնք էլ ավելի են գեղեցկացնում միջավայրը։ Այդ ժանրերից մեկը ջազն է, որը հիասքանչ ու ազատ երաժշտություն է՝ ստեղծված զգալու, արտահայտվելու, իրար հետ «զրույցի» բռնկվելու համար։

20-րդ դարասկզբում ծնված երաժշտության այս տեսակն իր մեջ միախառնում է բլյուզի, ռագթայմի և եվրոպական երաժշտության տարրերը, սակայն էականն այն է, որ ջազը իմպրովիզացիա է, որտեղ ամեն կատարող ստեղծում է իր պատմությունը բեմում։

Դյուք Էլինգթոն, Լուի Արմսթրոնգ, Մայլս Դեյվիս, Ջոն Քոլթրեն, Էլլա Ֆիցջերալդ, Բիլի Հոլիդեյ․․․ Այս անուններնը ջազի սրտում են և տարբեր բեմերում ստեղծել են իրենց պատմությունը։

Այսօր թվարկվածներից կանդրադառնանք Էլլա Ֆիցջերալդին, ում անզուգական ու «մոգական» ձայնն անտարբեր չի թողնում գեթ մեկ հոգու։

Ապրիլի 25-ը  ամերիկացի ջազային երգչուհի, ջազային երաժշտության պատմության մեջ ամենահզոր վոկալ ունեցողներից մեկի՝ Էլլայի ծննդյան օրն է։

ArmLur.am-ը ներկայացնում է երգչուհու կյանքի մասին։

Էլլային անվանել են նաև «Ջազի առաջին լեդի», «Երգի առաջին լեդի» և «Լեդի Էլլա» անվանումներով։ Երգչուհին իսկապես ունեցել է գերհզոր ձայն, քանի որ ունեցել է 3 օկտավա հզորությամբ ձայն, եղել է սկետի և ձայնային իմպրովիզացիաների վարպետ և գուցե դա էլ է այն պատճառներից, որ երգչուհին հիշվող է։

Էլլա Ֆիցջերալդը շուրջ 13 անգամ առաջադրված է եղել «Գրեմմի» մրցանակի, որն, ինչպես հայտնի է, երգարվեստում մեծ նշանակություն ունեցող մրցանակ է։

Բեմում եղել է շուրջ 50 տարի և իր ստեղծագործական 50 տարիների ընթացքում թողարկել է ավելի քան 90 ալբոմ և ժողովածու՝ ինչպես սոլո, այնպես էլ այլ հայտնի ջազային երաժիշտների մասնակցությամբ, այդ թվում՝ Դյուկ Էլինգտոնի, Լուի Արմսթրոնգի, Քուիսնի Ջոնսոնի, Կաունտ Բեյսի, Ջո Պասի, Օսկար Պիտերսոնի։

Ֆիցջերալդի տաղանդին մեծ գնահատական են տվել անվանի կոմպոզիտորներ Կոուլ Պորտերը, Իրվինգ Բերլինը, Անտոնիու կարլոս Ժոբինը, պոետ-երաժիշտներ Այրա Գերշվինը, Ջոն Մերսորը։ Ողջ կյանքի ընթացքում վաճառվել է երգչուհու ձայնագրությունների ավելի քան 40 միլիոն ձայնասկավառակ։

Էլլա Ֆիցջերալդի կարիերայի չիրականացրած ամենամեծ նախագծերից էր Ֆրենկ Սինատրայի հետ համագործակցությունը, իրենց ամբողջ կարիերայի ընթացքում նրանք չեն ձայնագրել ոչ մի համատեղ ստուդիական կամ համերգային ալբոմ։ Սինատրան և Ֆիցջերալդը միասին հայտնվել են տարբեր հեռուստաշոուներում, մասնավորապես A Man and His Music + Ella + Jobim հաղորդմանը և միասին հանդես են եկել համերգներում։

Հետաքրքրականն այն է, որ երգչուհին չի ստացել երաժշտական կրթություն, կյանքում գեթ մեկ անգամ չի հաճախել որևէ երգեցողության դասի, իսկ իր ելույթներից առաջ սովորություն չի ունեցել «բացել ձայնը»։

Նրա ձայնը մեցցո-սոպրանո էր, նա կարողանում էր երգել ինչպես բարձր, այնպես էլ ցածր տոնայնությամբ։ Նրա ձայնածավալը երեք օկտավա էր կազմում՝ փոքր օկտավայի ռե բեմոլից մինչև երրորդ օկտավայի ռե բեմոլը։

Ամերիկացի գրող, լրագրող ու երաժշտական քննադատ Ուիլ Ֆրիդուոլդը գրել է, որ ի տարբերություն բազում այլ երգիչների, Էլլան տիրապետում էր իրոք բացառիկ ու արժեքավոր ձայնի, որը «կարելի է անվանել ամենակատարյալն ու գեղեցիկը երբևէ մարդու լսած ձայների մեջ»։

Երաժշտագետ Հենրի Փլեզենթսը ասել է, որ Ֆիցջերալդն ավելի լայն ձայնային դիապազոն ուներ, քան օպերային շատ երգիչներ։ Նրանցից շատերը, ներառյալ Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուն, նրա գործունեության երկրպագուն էին։ Էլլայի երգչային ինտոնացիաները Ֆրիդուոլդի խոսքերով «ուղղակի աստվածային էին»։

Ֆիցջերալդի խոսքերով՝ նա դժվարությամբ էր ելույթ ունենում մարդկանց մեծ բազմության առաջ։ Նա շատ համեստ էր և ամաչկոտ, մտերիմ հարաբերություններ չուներ անգամ այն երաժիշտների հետ, որոնց հետ աշխատել էր, և նրանց հետ հանդիպում էր միայն ձայնագրման կամ համերգների ժամանակ։ Շեփորահար Մարիո Բաուզան, որը նվագակցել է Էլլային Չիկ Ուեբբի հետ համագործակցության տարիներին, հիշում էր, որ «Էլլան խնջույքներ շատ չէր սիրում, նա միայն երաժշտությանն էր նվիրված, նա ներփակված էր ողջ Նյու Յորքում»։

Էլլա Ֆիցջերալդը պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ, գոյություն են ունեցել նաև երրորդ ամուսնության մասին չհաստատված տեղեկությունները։ 1941 թվականին նա ամուսնացել է Բեննի Քորնեգեյի հետ, որը թմրավաճառ էր և աշխատում էր տեղի նավաշինարանում։ Երկու տարի անց ամուսնությունն անվավեր է ճանաչվել։

1947 թվականի դեկտեմբերին երգչուհին ամուսնացել է հայտնի կոնտրաբասահար Ռեյ Բրաունի հետ, որին նա հանդիպել էր Դիզզի Գիլեսփիի նվագախմբի հետ հյուրախաղերի ժամանակ։ Զույգը որդեգրել է Էլլայի զարմիկին՝ Ֆրանսիս դա Սիլվայի որդուն, որին նրանք տվել են Ռեյ Բրաուն Կրտսեր անունը։ Հետագայում նա ևս հայտնի ջազմեն է դարձել։ Ֆիցջերալդն ու Բրաունը բաժանվել են 1953 թվականին, քանի որ գործունեությունը խանգարում էր նրանց անձնական կյանքին։ Չնայած ամուսնական կյանքի ընդհատմանը՝ նրանք շարունակում էին հաջողությամբ համագործակցել երաժշտության ոլորտում։

Ջազը սրտի երաժշտություն է, երբ ուրախ ես, տխուր կամ պարզապես հոգնած ես։

Ներկայացնում ենք նաև Էլլայի կատարմամբ մի քանի երգեր։

Աննա Սրապիոնյան




Լրահոս