Հովհաննես Շիրազ (Օնիկ Թադևոսի Կարապետյան) (ապրիլի 27, 1914, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն – մարտի 14, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեծանուն բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1935):
Ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին։
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր։
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։
ArmLur.am-ը ներկայացնում է գրողի հայտնի մի քանի մտքերը։
1․ Մարդը մարդու ցավը միշտ էլ կհասկանա, եթե չխանգարեն, եթե թողնեն։
2․ Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազգայինից է սկսվում համամարդկայինը։
3․ Ինչպես կաղնի ծառն սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից։
4․ Ինչպես որ անթարգմանելի է սոխակի երգը… այնպես էլ անբացատրելի է բանաստեղծությունը։
5․ Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա՝ փշրեցիր ու չես կարող էլ կպցնել․․․
Աննա Սրապիոնյան

























































































