Թեպետ բժիշկները ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին արգելել են վերադառնալ մեծ սպորտ, այնդուհանդերձ, նա մտադիր չէ լքել մարզաշխարհը, և այժմ զբաղված է ծանրամարտի աղջիկների հավաքականը մարզելով: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` պատանիների հավաքականի մարզիչը:
«Բժիշկներն ասացին, որ ծանրամարտով զբաղվելն ինձ համար կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, դրա համար էլ զբաղվում եմ մարզչական գործունեությամբ:
Այժմ Աբովյանում եմ, ուսումնամարզական հավաք ենք անցկացնում: Պատրաստվում ենք պատանիների Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Նազիկ Ավդալյանը:
Հարցին` կան արդյոք հավաքականում հեռանկարային մարզուհիներ, նա պատասխանեց, որ կան: «Ընտրել ենք 8 հոգու, հենց նրանց հետ էլ պատրաստվում ենք Լեհաստանում առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը և օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանիների Օլիմպիադային: Այդ աղջիկների հետ ես շատ մեծ հույսեր եմ կապում»,- ասաց հավաքականի ավագ մարզիչը:
Անի Ղազարյան