Երևանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել` անչափահաս աղջկան ապօրինի առևանգելու գործով:
Armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն` 16-ամյա Նարինե Ալիյանին 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 24-ամյա Էդիկ Ազմանյանը, նախկինում դատված 24-ամյա Արմեն Ալեքսանյանը և նախկինում դատված 25-ամյա Գոռ Գալստյանը միասին նախնական համաձայնության են եկել և բռնություն գրծադրելով` դպրոցից առևանգել անչափահաս Նարինեին:
Քրեական գործն այս պահին գտնվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում` դատավոր Յուրի Բաղդասարյանի վարույթում:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Էդիկ Ազմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ընկերների` ՀՀ ՈԶ պայմանագրային զինծառայող Արմեն Ալեքսանյանի և Գոռ Գալստյանի հետ, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գրկելու և ձեռքերից բռնելու և քաշելու եղանակով, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի դպրոցի հարակից տարածքից բացահայտ առևանգել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ, 17.04.1998թ. ծնված անչափահաս Նարինե Ալիյանին ու վերջինիս կամքին հակառակ նստեցրել «Օպել Աստրա» մակնիշի 33 ՍՎ 252 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ու հեռացել տարածքից: Այսինքն` Էդիկ Ազմանյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Ամբաստանյալի շահերը դատարանում ներկայացնում է Մարատ Գինոսյանը:
Իսկ Արմեն Ալեքսանյանը կատարել է հանցանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-*րդ կետերով, ում պաշտպանը նույնպես Մարատ Գինոսյանն է:
Գագիկ Սահակյանի վստահորդ, գործով ամբաստանյալ Գոռ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 4-րդ կետերով:
Տուժող` անչափահաս Նարինե Ալիյանի ներկայացուցիչը հայրն է` Ֆայզո Ալիյանը:
Տաթև Հարությունյան