Վերջին շրջանում Հայաստանում նկատելի դարձել երկրաշարժերի ակտիվությունը, հատկապես Գյումրի, Սպիտակ և Բավրա բնակավայրերում։ Ուստի անհրաժեշտ ենք համարում որոշակի տեղեկություններ հայտնել երկրաշարժ տարերային աղետի մասին և, թե ինչպես պաշտպանվել երկրաշարժի ժամանակ։ Նախ՝ նեշենք, որ երկրաշարժը ստորգետնյա ցնցում է, որը տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Երկրաշարժը կարող ենք կանխատեսել; Ըստ կանխատեսելիության՝ այն լինում է կանխատեսելի և անկանխատեսելի։ Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։ Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ.
Առաջին ցնցումից հետո.
- Պատրաստ եղե՛ք հաջորդ ցնցումներին:
- Երբ ցնցումներն ավարտվեն, առանց ժամանակ կորցնելու դուրս եկե՛ք շենքից:
- Մի՛ կանգնեք մետաղալարերի, խողովակների, քիվերի տակ:
- Որքան հնարավոր է հեռու մնացե՛ք շենքերից, սյուներից, ցանկապատերից: Ավելի լավ է տեղավորվել այգում, բաց տարածությունում:
- Ստուգեք՝ արդյոք վիրավորներ չկան:
- Մի՛ տեղաշարժեք ծանր վիճակում գտնվող վիրավորներին:
- Հետևե՛ք իրավասու մարմինների հրահանգներին:
- Հեռախոսից օգտվե՛ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի հեռախոսային գծերը չծանրաբեռնվեն:
Երբ գտնվում եք փակ տարածքում.
- Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա:
- Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվե՛ք անվտանգ վայրում (հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում), կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ:
- Վտանգավոր է գտնվել պատուհանների մոտ և վերջին հարկերում գտնվող անկյունային սենյակներում:
- Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:
- Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ:
- Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները:
- Հանգստություն պահպանե՛ք, – ամբոխից հեռու մնացե՛ք, – խուսափե՛ք աստիճաններից և մուտքի դռներից. այնտեղ շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում:
Երբ գտնվում եք դրսում
- Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ:
- Զգուշացե՛ք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն:
- Հեռու մնացե՛ք փողոցի լապտերներից, մետաղալարերից և շենքերից:
- Ծածկե՛ք գլուխը ձեռքերով կամ պայուսակով:
Նանիկ Աղասյան






















































































