ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 3-րդ պոչամբարի կառուցման մասին խոսակցությունները գնալով ավելի մեծ թափ են ստանում: Իսկ բնապահպաններն ու գյուղի բնակիչները շարունակում են «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ից պահանջել ներկայացնել Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման ամբողջական, այդ թվում` 3-րդ պոչամբարի կառուցման նախագիծը:
Նշենք, որ Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով արդեն առողջապահական և բնապահպանական լուրջ խնդիրներ կան:
Տեղեկացնենք, որ մարտի 28-ին Մելիքգյուղի համայնքապետարանում տեղի են ունեցել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումներ: Մասնակցել են մի շարք բնապահպաններ, ՀՀ բնապահպանության նախարարությունից համապատասխան մասնագետներ և, իհարկե, համայնքի բնակիչները: Մելիքգյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանի խոսքով՝ «Մեգո Գոլդ» ընկերությունից բացի ոսկու հանքավայրի կառավարչից, այլ մասնակիցներ ներկա չեն եղել:
Համայնքապետից տեղեկացանք, որ բնակիչները նամակ են պատրաստում՝ ուղղված բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
«Նամակում հայտնելու ենք մեր բացասական կարծիքը 3-րդ պոչամբարի կառուցման վերաբերյալ, քանի որ վերջերս տեղի ունեցած հասարակական լսումներին ընկերությունը նոր նախագիծ չի ներկայացրել: Ընկերությունից պահանջել էինք ներկայացնել ոչ միայն պոչամբարի համար նախատեսված նախագիծը, այլև ընկերության կողմից շահագործվող ոսկու հանքավայրի, ֆաբրիկայի նախագծերը: Իրենց կողմից առաջարկված ծրագրի որոշ կետերին ծանոթանալուց հետո, հասկացա, թե այն ինչ չափի վտանգ կհասցնի մեր գյուղի»,- հայտարարեց համայնքապետն՝ ընդգծելով, որ իրենք ուզում են նախարարին տեղյակ պահել, որ հասարակական լսումները համարում են չկայացած:
Մելիքգյուղի բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ ոսկու հանքավայրի ֆաբրիկայում այս պահին լաբորատորիան աշխատում է: Գյուղում տարածված խոսակցությունների համաձայնª այնտեղ ավստրալական ինչ-որ ընկերություն է գործունեություն ծավալում:
«Նախ՝ խոսակցություններ պտտվեցին, որ լաբորատորիայում գործունեություն ծավալող ընկերությունը վրացական է, հետո՝ դրանք փոխվեցին: Հիմա էլ ասում են, որ ավստրալական է: Պատկերացնո՞ւմ եք համայնքը ոչնչից տեղյակ չէ: Միայն տեսնում ենք, թե ինչպես են վրացիներ գալիս գնում»,- պատմեց Մելիքգյուղի բնակիչը՝ տեղեկացնելով, որ լաբորատորիայում ոսկու հետ կապված համապատասխան փորձաքննություններ են անցկացվում:
Այս ամենով հանդերձ` «Մեգո Գոլդ» ընկերությունը նաև մեծ գումարներ է պարտք Մելիքգյուղի և հարակից մի քանի համայնքների բնակիչներին: Բանն այն է, որ մարդիկ տևական ժամանակ աշխատել են հանքավայրում և չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանից հետաքրքրվեց, թե երբ են վճարվելու պարտք մնացած աշխատավարձերը. «Երկար ժամանակ է, ինչ ոսկու հանքավայրի աշխատանքները կանգնած են: Մենք աշխատավարձերը հաշվարկել ենք, մարդիկ հիմա տանը նստած են, ու, այո, պարտք ենք մնացել, և մենք պարբերաբար վճարում ենք»:
Ինչ վերաբերում է հասարակական լսումներին ամբողջական նախագիծը չներկայացնելուն` ընկերության տնօրենը հակառակը պնդեց. «Նախագիծը վաղուց ներկայացված է: Այն կա նաև Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում: Եթե մարդիկ գալիս են ու մասնակցում լսումների, հետո էլ հայտարարում, թե այդ լսումները կայացած չեն, ես ասելու ոչինչ չունեմ: Ինչպե՞ս կարող է պատահել, որ նախագիծը չներկայացրած` այն վեց անգամ կայացած լսումների ժամանակ քննարկեն»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ ընկերություն է ֆաբրիկայի լաբորատորիայում գործունեություն ծավալում, այն դեպքում, երբ հանքավայրը տևական ժամանակ է`չի շահագործվում, «Մեգո Գոլդ»-ի տնօրենն ասաց. «Մենք ունենք շահագործող, որն ունի վրացի աշխատող: Հույս ունեմ, որ Հայաստանի համար դա օրենքի խախտում չէ»:
«Ժողովուրդ»-ը բնապահպան Հակոբ Սանասարյանից հետաքրքրվեց, արդյոք ծանոթ է Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագորման նախագծին և ինչ կարծիք ունի: «Այդ նախագծին մենք ծանոթ ենք: Եվ եթե իրականանա Մելիքգյուղի Թուխմանուկի հանքավայրի շահագործումը, մենք առաջին հերթին պետք է հրաժարվենք մարդկային կյանքերից: Դա մերժելի նախագիծ է և, ընդհանարապես, մեծ հանցագործություն կլինի այդ նախագծի իրագործումը»,- կարծիք հայտնեց բնապահպանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ